Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևորում է Իրաքյան Քրդստանի հետ կապերի ընդլայնումը


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Հայաստանը կարևորում է Իրաքյան Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, և այդ մասին է վկայում նաև մայրաքաղաք Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու պաշտոնական Երևանի որոշումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այսօր ընդունելով Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին:

Ալի Սինդին Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ է փոխանցել Հայաստանի վարչապետին, կառավարությանը և հայ ժողովրդին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, և իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը: Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարևորվել է հայ - իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ և քուրդ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների և հանդիպումների կազմակերպումը: Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել աշնանը Բաղդադում, և այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղություններ ու կյանքի կոչել գործնական ծրագրեր:

Կողմերը նաև բարձր են գնահատել փոխհարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Իրաքի դեսպանությունների ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG