Մատչելիության հղումներ

Հայաստանը և ՄԱԿ-ը 119 միլիոն դոլար բյուջեով 5-ամյա համագործակցության նոր ծրագիր են ստորագրել


Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիրը»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է 119 միլիոն դոլար:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ծրագրի ստորագրման արարողության ընթացքում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ է նշել, որ Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում, մասնավորապես՝ համընդհանուր տարրական կրթության ապահովման, մանկական մահացության կրճատման, մայրական առողջության բարելավման և մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների դեմ պայքարի մասով Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց:

Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ստորագրվող փաստաթուղթը իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի բնակչության բարեկեցության ապահովման գործում:

Իր հերթին, Բրեդլի Բուզետտոն ասել է.- «Տեղին է, որ ստորագրման այս արարողությունն անցկացվում է Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստից հետո, որի ժամանակ առաջընթաց արձանագրեցինք մեր նպատակների իրականացման ուղղությամբ: Այս ծրագիրը ՄԱԿ-ի օժանդակությունը պլանավորելու ռազմավարական գործիքն է: Փաստաթուղթը հանդիսանում է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արգասիքը: Ծրագիրը ճանաչում է Հայաստանի արձանագրած առաջընթացը, արձանագրում նորարարական լուծումներ՝ ի պատասխան ՀՀ-ի առջև ծառացող մարտահրավերների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG