Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը առաջիկա օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն


Ոստիկանությունը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 1-ից Երևանում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ՝ մասնավորապես տեղեկացնելով, որ որ հավաքների մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջիկա օրերին իրականացնելու է ուժեղացված ծառայություն։

«Ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ: Հանրային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանության նկատառումներից ելնելով, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքների կազմակերպիչներին՝ խստորեն պահպանել ի գիտություն ընդունված իրազեկումների պայմանները, բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, հարգել այլոց սահմանադրական իրավունքները, ազատությունները և իրավաչափ շահերը»,- ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունը նաև հորդորում է հավաքների կազմակերպիչներին, կարգադրիչներին և մասնակիցներին՝ անհրաժեշտության դեպքում համագործակցել իրավապահների հետ, մասնավորապես, նրանց անմիջապես հայտնել իրենց կողմից նկատված ցանկացած կասկածելի երևույթի կամ վարքագծի վերաբերյալ:

«ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի և վերաբերելի այլ իրավական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաև սադրիչ կամ անօրինական գործողությունների կատարման փաստեր արձանագրելու դեպքում կիրառելու է հանրային միջոցառումների մասնակիցների և այլոց անվտանգության ապահովմանն ուղղված ու առկա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ, համաչափ և հասանելի ցանկացած միջոց: ՀՀ ոստիկանությունը հայտնում է նաև, որ հարկադրանքի կիրառման անխուսափելի անհրաժեշտության դեպքում առաջնահերթությունը տրվելու է կանխարգելող և խափանող անհատական միջոցներին, ներառյալ՝ սակայն չսահմանափակվելով հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող անձանց հավաքի անցկացման վայրից անհապաղ հեռացնելով, ի գիտություն ընդունված իրազեկումների պայմաններից շեղվող առարկաների կամ տեխնիկական միջոցների օգտագործումն արգելելով և այլն»,- նաև ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG