Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան հոգեւորականները՝ ընդդեմ գերագույն առաջնորդի՞


Իրանում անցած շաբաթ օրը տեղի է ունեցել, վերլուծաբանների տեսակետից, արտառոց զարգացում. Քում ավանում գործող աստվածաբանների եւ հոգեւորականների ընկերակցությունը վիճահարույց նախագահական ընտրություններն ու դրանց արդյունքում ձեւավորվող նոր վարչակազմն անվանել է ապօրինի:

Այդ քայլը, ըստ «Նյու Յորք թայմս»-ի, իրավական նշանակություն չունի, սակայն քաղաքական առումով չափազանց կարեւոր է եւ անհետեւանք չի մնա, քանի որ «բարձրաստիճան հոգեւորականների համարձակվել են անհամաձայնություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի՝ թվում էր թե անառարկելի եւ անբեկանելի կարծիքի հետ»:

Ամերիկյանը թերթը նշում է, որ հոգեւորականների հայտարարությանը նախորդել են երկու կարեւոր իրադարձություններ. պաշտոնական արդյունքներով պարտված նախկին վարչապեր Միր-Հոսեյն Մուսավին հրապարակել է տեղեկագիր, որում մանրամասնորեն նկարագրված են հաղթող ճանաչված գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աջակիցների՝ քվեարկության օրը իրականացրած բազում կեղծիքները, իսկ այաթոլա Խամենեիի քաղաքական զինակիցներից «Քայան» ազդեցիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, պնդելով, թե Մուսավին կատարում է ամերիկյան «5-րդ շարասյան» դերը, հայտարարել է եւ պահանջել է նրան ու նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին համարել օտարերկրյա գործակալներ ու պատժել որպես հանցագործների:

Այդ ամենից հետո Իրանի, ինչպես նաեւ մոլորակի բոլոր շիա-մահմեդականների կրոնական կենտրոն ու սրբավայր Քում ավանում գտնվող աստվածաբանների եւ հոգեւորականների ընկերակցությունը հայտարարել է ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:

«Այս ճեղքվածքը, որ ի հայտ է եկել կրոնավորների վերնախավում, փաստը, որ Քումի կենտրոնի տեսաբանները որոշել են անցնել շարքային մարդկանց եւ Մուսավիի կողմը, իմ համոզմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության 30 տարվա պատմության ընթացքում ամենաէական տարաձայնությունն է», - ասել է Սթենդֆորդի համալսարանի իրանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աբբաս Միլանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG