Մատչելիության հղումներ

Գյումրիում նորածնի վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել մորը և գնորդին


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ երեխային վաճառելու, և Շիրակի մարզի մի բնակչի՝ երեխային գնելու համար:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 25-ամյա բնակչուհին, լինելով հղի, դեռևս 2014 թվականի մայիսին նախապես պայմանավորվել է երեխայի ծնվելուց հետո նրան հանձնել Շիրակի մարզի մի ամուսնական զույգի, որը երկար տարիների համատեղ կյանքի ընթացքում երեխա չի ունեցել։ Ըստ քրեական գործի տվյալների՝ նորածնի մայրը երեխային 1000 դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերել ընտանիքի հոր հետ։

Սեպտեմբերի 18-ին կինը ծննդաբերել է, և պայմանավորվածության համաձայն՝ տղամարդը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնում ճանաչել է նորածնի հայրությունը, իսկ սեպտեմբերի 20-ին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երեխայի մայրը նորածնին հանձնել է նրա հայրությունը ճանաչած տղամարդուն՝ գումարը հետագայում վճարելու պայմանով, ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորն ու տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի («Երեխայի առք ու վաճառքը») առաջին մասով, որով նախատեսված է 3-ից մինչև 7 տարվա ազատազրկում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG