Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Այս պահին կարևոր է հաղթահարել խիստ բացասական իրավիճակը»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Այս պահին կարևոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթնաժողովից անմիջապես հետո Բաքվի սադրիչ գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման և անձնակազմի անդամների զոհվելու հետևանքով, երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմում Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ հանդիպման ժամանակ։

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը։

Արտգործնախարարները քննարկել են հայ - շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին հրավիրել է Հայաստան։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նույն օրը Ստոկհոլմի Ազնվականության պալատում՝ Ռիդդարհյուսեթում, տեղի է ունեցել Շվեդիայում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։

«Բարձրացնելով Հայաստանի դրոշը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաքում, մենք արտահայտում ենք մեր ձգտումը` նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ալմա Յոհանսոնին և շվեդ այլ միսիոներներին, որոնք օգնության ձեռք են մեկնել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածներին։ Այս համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ մեր շնորհակալությունը հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Ռիկսդագին, 2010 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Նալբանդյանը նաև կարևորել է շվեդահայ համայնքի դերակատարությունը՝ որպես Հայաստանը և Շվեդիան կապող օղակ։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաև բանկային, էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, կապի, առողջապահական, պարենի ոլորտները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներին։

Երկուշաբթի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպել է շվեդահայ համայնքի ներկայացուցիչներին: Արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական միություն - Հայաստան համագործակցությունը, պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG