Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանը հաստատակամ է՝ շարունակելու բարեփոխումները


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանը, շահագրգռված լինելով բարեկամ Բելգիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմամբ, մեծապես կարևորում է նաև Եվրոպայի խորհրդի հետ երկխոսությունն ու համագործակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով ԵԽ-ի նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշելով, որ Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել և՛ որպես ԵԽ-ի անդամ պետություն՝ իր պարտավորությունների, և՛ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում, Սերժ Սարգսյանը հավելել է, որ այդուհանդերձ, դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու, և երկիրը հաստատակամ է՝ շարունակելու բարեփոխումները:

Դիդիե Ռեյնդերսն ընդգծել է, որ չափազանց գնահատում է սերտ ու արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ: Նրա գնահատմամբ՝ ինչպես հայ - բելգիական երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ԵԽ-ի շրջանակում գործակցությունը գերազանց են, և անհրաժեշտ է այսուհետ ևս հետևողականորեն շարունակել ջանքերը հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական գործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Նշելով, որ տեղյակ է ընթացիկ տարին որքան կարևոր և առանձնահատուկ է Հայաստանի համար՝ հագեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներով, Ռեյնդերսը տեղեկացրել է, որ հանդիպումից հետո այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել օրերս Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին բարձր մակարդակով ԵԽ-ի մասնակցության, ինչպես նաև ապրիլի 24-ին հիշատակի արարողությանը բելգիական պատվիրակության ներկայության համար: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում անչափ շնորհակալ են ու բարձր են գնահատում Բելգիայի իշխանությունների և անձամբ Դիդիե Ռեյնդերսի ներդրումը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման ընդունման գործում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստան - Եվրախորհուրդ համագործակցության օրակարգին, Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Եվրախորհրդի աջակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Ռեյնդերսն ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստակամ է և հանձնառու շարունակել աջակցությունը Հայաստանին՝ քաղաքական, տնտեսական, իրավական ու այլ ոլորտներում բարեփոխումների ճանապարհին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Ռեյնդերսը վերահաստատել է իր երկրի և նաև ԵԽ-ի նախարարների խորհրդի նախագահի դիրքորոշումը՝ սատարել միջազգային մանդատ ունեցող միջնորդներին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:

Այսօր կայացել է նաև Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարարի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, որին հաջորդել է նրանց համատեղ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG