Մատչելիության հղումներ

Սպանություն Էրեբունիում. զոհի մարմնի վրա հայտնաբերվել է 7 հրազենային վնասվածք


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«2015 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են 5.45 միլիմետր տրամաչափի 10 պարկուճ, նույն տրամաչափի 1 գնդակ և գնդակի բեկորներ: Բժշկական կենտրոնում Ասոյանի դիակի զննությամբ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է 7 հրազենային վնասվածք: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG