Մատչելիության հղումներ

Շոկին. Յանուկովիչը Մայդանի սպանությունները կազմակերպել է իր մարդկանց միջոցով


Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկին, արխիվ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկին, արխիվ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մասնակից է 2014 թվականի փետրվարին Մայդանում տեղի ունեցած սպանություններին։ Այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերության հետ զրույցում։

«Գործը գրեթե ավարտվել է։ Հասկանալի է, որ Յանուկովիչը Մայդանի սպանությունները կազմակերպել է իր մարդկանց միջոցով», - մասնավորապես ասել է Շոկինը։

Ուկրաինայի գլխավոր դատախազը նաև հույս է հայտնել, որ երկրի արևելքում զինված հակամարտության ավարտից հետո Յանուկովիչը պատասխանատվության կենթարկվի։

Փետրվարի 3-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնեց Մայդանում օգտագործված զինատեսակի հայտնաբերման մասին։

Հատուկ ծառայությունները, սակայն, չհստակեցրեցին, թե ինչպես են ձեռք բերվել հրացաններն ու գնդացիրները, որոնցով Կիևի կենտրոնում տասնյակ մարդիկ են սպանվել։

2015 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ Մայդանի ակտիվիստների ուղղությամբ կրակ բացած դիպուկահար խմբերի կազմակերպմամբ զբաղվում էր Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը։

Ավելի ուշ՝ հոկտեմբերին, Շոկինը հայտարարել էր, թե Կիևի կենտրոնում տեղի ունեցած սպանությունների գործում հետաքննությունը ռուսական հետքի վերաբերյալ ապացույցներ չունի։

2014 թվականի ձմռանը Կիևում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է 106 մարդ, ավելի քան հազարը՝ վիրավորվել։ Այդ գործով ներկայումս չկա դատարանի որոշում և հանցագործությունների մասնակիցներից՝ լինի կազմակերպիչ, պատվիրատու կամ կատարող, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG