Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ամուր գործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում:
«Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին», - ասված է հաղորդագրությունում։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Նալբանդյանն ընդգծել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ունեցավ Ֆրանսիան՝ Վիեննայում համաձայնությունների կայացման հարցում:
Ֆրանսիացի պատգամավորները վստահեցրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: