Մատչելիության հղումներ

Նոր Հաճընի քաղաքապետը սպանել է քաղաքի էլեկտրացանցի տնօրենին


Շաբաթ օրը Կոտայքի մարզի Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը ատրճանակից կրակել եւ սպանել է «Էլեկտրական ցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին:

Եղվարդի դատախազի օգնական Ալբերտ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանին տեցեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 11.00-ի սահմաններում, երբ քաղաքապետը՝ մի քանի այլ աշխատակիցների հետ, ցանկացել է կանգնեցնել ապօրինի ընթացող շինարարությունը: Արդյունքում նրա եւ Աշոտ Մխիթարյանի միջեւ վեճ է բռնկվել, եւ քաղաքապետը ատրճանակով սպանել է վերջինիս: Դատախազի օգնականի փոխանցմամբ, դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով այժմ քննություն է ընթանում:

Քաղաքապետի ընտրությունները Նոր Հաճընում պետք է կայանան հոկտեմբերի 9-ին: Առաջադրվել են 2 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ, սպանություն կատարելու մեջ մեղադրվող Արմեն Քեշիշյանն ու Մանուկ Գասպարյանի հիմնադրած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Բաբկեն Մարգարյանը:

Եղվարդի Ընտրատարածքային ընտրական հանձնաժղովի նախագահ Գնել Ղալումյանի խոսքերով, սպանվողը՝ Աշոտ Մխիթարյանը, նույնպես ցանկություն է ունեցել առաջադրել իր թեկնածությունը, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից: Ըստ Ղալումյանի, այդ դեպքում Արմեն Քեշիշյանը՝ ի դեմս սպանվողի, լուրջ մրցակից կարող էր ունենալ, եւ, ինչպես հանձնաժողովի նախագահը նշեց, «նրանց միջեւ տարաձայնությունները հենց այդ ժամանակից են սկսվել»:

Ընտրական օրենսգրքի համաձայն, քանի դեռ դատարանը սպանության փաստով Արմեն Քեշիշյանի նկատմամբ վճիռ չի կայացրել, նա կարող է մասնակցել առաջիկա ընտրություններին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG