Մատչելիության հղումներ

«Գազպրոմնեֆտ»-ի ներկայացուցիչը հաստատում է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մտադրությունը


«Գազպրոմնեֆտ» ընկերության մամլո քարտուղար Նատալյա Վյալկինան «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատեց ռուսաստանյան աղբյուրների տարածած լուրը, թե ընկերությունը քննարկում է Հայաստանում նավթավերամշակման հսկա գործարանի կառուցման հնարավորությունը:

Վլայկինան չնշեց, թե երբ կարող են ընդունվել կոնկրետ որոշումներ: Նա հստակ պատասխան չտվեց նաեւ հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությունն է սա` ասելով, թե «իրականում նախագիծը հետաքրքիր է երկու կողմերի համար էլ»:

Գործարանը նախատեսված է կառուցել Իրանին սահմանակից Մեղրիում, եւ այն կառուցելու համար, փորձագետների կարծիքով, անհրաժեշտ է մոտ 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար: Իսկ եթե հաշվի առնենք, որ պետք է կառուցվի նաեւ մի ամբողջ տրասպորտային եւ խողովակաշարային համակարգ, նշված գումարին պետք է ավելացնել եւս 1 մլրդ դոլար:

Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ այս առաջարկը Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կատարած մասնավոր այցի ժամանակ քննարկել է «Գազպրոմնեֆտ» ընկերության ղեկավարության եւ Ռուսաստանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի հետ: Նախարարությունում, սակայն, այդ բանակցությունները չեն մեկնաբանում:

Հունվարի 17-ին Քոչարյանի հետ ունեցած իր հանդիպումը հաստատում է նաեւ «Ռուսաստանի երկաթգծեր» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը:

Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ տնտեսապես այս նախագիծը այնքան էլ ձեռնտու չէ ռուսաստանյան ընկերության համար, քանի որ սովորաբար նավթավերամշակման գործարանները կառուցվում են ծովային նավահանգիստների կամ նավթամուղների մոտ, իսկ Հայաստանում չկա ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։

Նախատեսվում է, որ գործարանը բավականին հզոր է լինելու եւ տարեկան մշակելու է մոտ 7 միլիոն տոննա նավթ. այսինքն, գործարանի արտադրած նավթամթերքը պետք է վաճառվի Հայաստանից դուրս: Այս պահի տվյալներով, իրանական նավթը պետք է վերամշակվի հայաստանյան գործարանում եւ նորից վաճառվի Իրանին:

Չնայած փորձագետների մեկնաբանություններին, ակնհայտ է, որ այս նախագիծը հետաքրքրում է ռուսաստանյան կողմին. երկու օր առաջ Սոչիում Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ ռուս-հայկական տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղությունը շարունակում է մնալ էներգետիկան:

Փորձագետներից շատերը համարում են, որ սա քաղաքական նախագիծ է: Սակայն, որոշ փորձագետներ, օրինակ` «Տրոյկա դիալոգ» ընկերությունը ներկայացնող Օլեգ Մաքսիմովը, այլ կարծիքի են:

«Այսօր ամբողջ աշխարհում կա նավթավերամշակող գործարանների պակաս: Դրանք միշտ շատ եկամտաբեր են լինում, եւ դեռ վաղ է ասել, որ նման գործարանի կառուցումը Հայաստանում քաղաքական նախագիծ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մաքսիմովը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG