Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները միտում են տեսնում քաղաքական գովազդի բարձր գներ սահմանելու մեջ


Հեռուստաընկերությունների մեծ մասն արդեն սահմանել է նախընտրական շրջանում քաղաքական գովազդի սակագները, որոնք, ըստ ընդդիմադիրների, չափազանց բարձր են: Նման գների սահմանումը նրանք որակեցին «իշխանությունների հրահրած միտումնավոր քայլ»:

«Ար» հեռուստաընկերությունը, օրինակ, քաղաքական գովազդի մեկ րոպեի համար սահմանել է 100 հազար դրամ (գրեթե 300 դոլար) սակագին, «Կենտրոն» հեռուստաընկերությունը` 108 հազար դրամ: Հանրային հեռուստաընկերության եթերում մեկ րոպեի սակագինը 80 հազար դրամ է, հանրայի ռադիոյինը` 20 հազար դրամ:

«Ազգային միաբանություն» կուսացկության ղեկավար Արտաշես Գեղամյանը «անբարոյականություն» անվանեց դա` 80 հազար դրամ վճարել, որպեսզի իրավունք ստանաս հայաստանցիների 70 տոկոս հետ, ովքեր կիսաքաղց կյանքով են ապրում, խոսել իրենց սովի մասին»:

«Այնպիսի հնարավորություն են ստեղծում, որ այդ եթերին կարողանան հասնել միայն կեղտոտ ճանապարհներով վաստակած գումարներ ունեցողները», - ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

«Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց իր հաշվարկները. - «Եթե հաշվի առնենք, որ ընդամենը [նախընտրական] հիմնադրամը 5 միլիոնի չափով է, ապա եթե մարդն այլ ծախսեր չանի, ընդամենը մեկ ժամվա հնարավորություն ունի»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմադիրներին խորհուրդ տվեց «փող չծախել», «օգտվել սեփական ոտքերից», գնալ գյուղեր եւ տեղեւմ շփվել ժողովրդի հետ, նաեւ` «սեփական խելքից», ինչը, Սահակյանի ձեւակերպմամբ` «ամենեւին թանկ չէ»:

«Մարդիկ մտածում են, որ ոչինչ պիտի չունենան, բայց որովհետեւ լավ մտքեր ունեն, պիտի գան իշխանության», - շարունակեց նա: - «Կուսակցությունը ինքը իր մասին պիտի մտածի, եւ դրա կոմպոնենտներից մեկն էլ ֆինանսավորումն է: Եթե ոչ քաղաքական կապիտալ ունես, ոչ ֆինանսական կապիտալ ունես, լավ մտքեր ունես` կարող ես գրքեր գրել»:

Դաշնակցության տեսակետը ներկայացրեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը. - «Կուսակցությունները իրենց նախընտրական հիմնադրամը, ըստ օրենքի, ձեւավորում են նվիրատվությունների եւ այլնի հաշվին: Կարծում եմ, այն կուսակցությունները, որոնք ունեն ժողովրդականություն, նրանք ունեն նաեւ մեծ հնարավորություններ նվիրատվություններ ստանալու, նախընտրական բյուջեն ձեւավորելու»:

Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական գովազդի մեկ րոպեն 120 դոլարին համարժեք դրամ արժեր:

Հարկ է նշել, որ քաղաքական ուժերին, ըստ օրենքի, 60 րոպե անվճար եթերաժամ է տրամադրում Հանրային հեռուստաընկերության եթերում: Սահմանափակ է նաեւ Հանրայինի վճարովի եթերը` 2 ժամ: Մասնավոր հեռուստաընկերությունների համար նման սահմանափակումներ չկան:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG