Մատչելիության հղումներ

Երեւանի ոստիկանապետը հաստատում է բախումը ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի կողմնակիցների միջեւ


Ոստիկանության ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը երկուշաբթի օրը հաստատեց, որ մարտի 15-ին մայրաքաղաքի Էրեբունի համայնքում վիճաբանություն, այնուհետեւ` ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ` հերքելով, սակայն, որոշ լրատվամիջոցների հրապարակումները, թե միջադեպին մասնակցել են համայնքի ղեկավարներն ու «Բարգավաճ Հայաստան»-ի տարածքային կառույցի ղեկավար ներկայացուցիչներ:

Ըստ «Հայք» օրաթերթի, սկզբում Էրեբունու թաղապետ, հանրապետական Մհեր Սեդրակյանը դժգոհություն է հայտնել իր ղեկավարած համայնքում «Բարգավաճ Հայաստան»-ի այդքան շատ գրասենյակների առկայությունից: Հետո նա սկսել է հանդիմանել համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Հարություն Կարապողոսյանին, որը հայտնի է «Սնխչի Հարութ» մականունով, ԲՀԿ-ի շարքերը համալրելու համար: Վիճաբանությունն ավարտվել է ձեռնամարտով:

«Իսկապես վիճաբանություն եղել է երիտասարդների միջեւ, սակայն համայնքի ղեկավար անդամներից որեւէ մեկի չի մասնակցել դրան», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ներսես Նազարյանը: - «Այդ երիտասարդները, որ վիճաբանել են իրար հետ, ինչ-որ տարբեր կարծիքներ ունեն ընտրությունների հետ կապված, ինչ-որ թեթեւ հակասություններ, սակայն նրանք նույն տարածքից են, ընկերներ են իրար հետ: Նման թեթեւ վիճաբանությունը կարողացանք հարթել եւ զգուշացվեց, որ նման դեպքեր չլինեն»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կոնկրետ ովքեր են եղել երիտասարդները, Ներսես Նազարյանը խուսափեց պատասխանել:

«Մենք չենք ուզում, որ ինչ-որ անուններ տրվեն, ինչ-որ լարումներ լինի, որովհետեւ դա ընդամենը ընկերական բնույթի վիճաբանություններ են», - ասաց նա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG