Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյան. «Մեր ապագան տեսնում ենք միայն Ռուսաստանի հետ»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր եւ ղեկավար, հայաստանյան խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը շաբաթավերջին ռուսաստանյան «Օ2» երիտասարդական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե իշխանության գալու դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես է տեսնում հայ-ռուսական հարաբերությունները, հայտարարել է, որ Հայաստանն իր ապագան տեսնում է միայն Ռուսաստանի հետ:

Հեռուստաընկերության լրագրողի դիտարկմանը, թե այսօր տարածաշրջանում ուժեղ է Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ազդեցությունը, Ծառուկյանն արձագանքել է. - «90 տոկոսով մենք մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ ենք զարգացնելու, իսկ 10 տոկոսով` Եվրոպայի եւ մնացածների հետ»:

Գագիկ Ծառուկյանն անցած շաբաթավերջին Մոսկվայում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներ Կոնստանտին Կոսաչյովի եւ Կոնստանտին Զատուլինի, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: «Օ2» ոչ այնքան հայտնի հեռուստաընկերության հետ հարցազրույցը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հեռուստաընկերության մեկնաբան Ֆիլիպ Լեոնտեւը, կայացել է Ծառուկյանի թիմի նախաձեռնությամբ:

Մոսկվայում «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հանդիպում չի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ֆիլիպ Լեոնտեւը այսօր «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի տեսագրությունը:

Խորհրդարանական ընտրություններում մեծ հավակնություններ ունեցող «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը հարցազրույցում մի քանի անգամ շեշտել է, որ կուսակցությունը «պաշտոն ստանալու համար չէ, որ ստեղծել է»:

«Երբ մարդը նոր է բիզնես սկսում, նախեւառաջ ուզում է տուն կառուցել, մեքենա գնել, հաջող բիզնես ունենալ: Իսկ երբ արդեն այդ ամենը կա, մարդն ուզում է մի հիշատակ թողնել իր մասին», - ասել է նա:

Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում ուկրաինական սցենարը, Գագիկ Ծառուկյանը արձագանքել է. - «Մեր նախագահը շատ ուժեղ է եւ հետեւում է նախընտրական պայքարին: Եթե ինչ-որ բան լինի, նա կպատժի մեղավորներին»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG