Մատչելիության հղումներ

Միջադեպեր` Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ


Շաբաթ օրը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Համահայկական չորրորդ խաղերի բացման արարողության ժամանակ միջադեպեր են գրանցվել «Ժառանգություն» կուսակցության անդամների, համախոհների, ինչպես նաեւ «Այլընտրանք» նախաձեռնության անդամների եւ իրավապահների միջեւ:

«Ժառանգության» եւ «Այլընտրանք»-ի անդամները եւ համախոհները մարզադաշտից դուրս բաժանել են թռուցիկներ ի պաշտպանություն «քաղբանտարկյալների»` «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի եւ ղեկավար անդամ Վարդան Մալխասյանի, Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի եւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի` նրանց ազատ արձակելու կոչերով:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կեսգիշերից քիչ անց «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրավապահները անընդհատ փորձել են իր եւ «Փաստաբաններ` մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սեդա Մելիքյանի պայուսակները ստուգել, անձը հաստատող փաստաթղթեր են պահանջել, թույլ չեն տվել հետեւել հանդիսությանը, շրջափակել են եւ շատ կոպիտ են վարվել իրենց հետ` ի վերջո, տանելով իր ձեռքի տոպրակը:

Միջադեպից հետո Փոստանջյանը Կենտրոնի ոստիկանություն հայտարարություն է ներկայացրել` պահանջելով պատժել իրենց նկատմամբ բռնություն գործադրած իրավապահներին եւ վերադարձնել տոպրակը, որում, ըստ նրա, եղել է ոչ միայն թռուցիկների տրցակ, այլեւ շատ կարեւոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են իր նախկին պաշտպանյալների, այդ թվում` զինվորականների, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործերին:

«Այլընտրանք»-ի համախոհ ներկայացած Վարդգես Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին գրեթե նույնանման մեկ այլ միջադեպի մասին պատմեց: Ըստ նրա, իրավապահները իրեն քաշքշել են, ապա բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ շաբաթ օրը Հանրապետական մարզադաշտի հետ կապված արձանագրված է միայն մեկ միջադեպ` խոսքը Զարուհի Փոստանջյանի հայտարարության մասին է: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Մյուս միջադեպի մասին պաշտոնական ամփոփագրում արձանագրություններ չկան:

Այնուհանդերձ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Այլընտրանք»-ի ղեկավար անդամներից Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Վարդգես Գասպարյանը, ինչպես նաեւ նախաձեռնության երկու անդամներ, բերման են ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ, մասնավորապես, հաշվել եւ առգրավել են նրանց մոտ առկա թռուցիկները: Այնուհետեւ բաժանմունք է գնացել Փաշինյանը, եւ մոտ մեկ ժամ անց երեքին էլ բաց են թողել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG