Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահը


Այսօր առավոտյան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ, «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից Նարեկ Գալստյանը:

Ժամը 11:00-ի սահմաններում, երբ նա տնից` Նոր Նորքի 9-րդ զանգվածից տաքսի ավտոմեքենայով իջնում էր Նորքի ճանապարհով, մեքենան կանգնեցրել են մթնեցված ապակիներով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի երեք ուղեւորները, բանալին խլել են վարորդից, մեքենայից իջեցրել են Գալստյանին եւ ծեծել` հարվածներ հասցնելով հիմնականում գլխին:

Ներկայումս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Նարեկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Կիսադիմակավորված անձինք, երիտասարդ տղաներ` միջին կազմվածքի, բացեցին դուռը, վարորդի բանալին հանեցին, շպրտեցին դուրս, ու եկան իմ կողմը, դուռը բացեցին, հարվածեցին տեղում, դուրս հանեցին ու սկսեցին ծեծել»:

«Ասացին` եթե թերթերին մի բան ասես, հաջորդ անգամ կսպանենք... Ես խոսք եմ տալիս այն մարդկանց, ովքեր դա արել են, այսուհետեւ եւս ինձ ոչ մի հարցում չեն կարողանալու վախեցնել», - հավելեց նա: - «Սա հստակ քաղաքական դրդապատճառներ ունեցող խնդիր էր: Ես անձնական ոչ մի թշնամի չունեմ»:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելու մասին հայտարարած Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «ծեծը թուլության նշան է». - «Ուժեղ իշխանությունը նման բռնարարքների չի գնում: Սա թույլ իշխանության ուժի դրսեւորում է»:

«Մեզ ահաբեկելը այդքան հեշտ չէ», - շարունակեց նա: - «Մենք գիտակցաբար ենք մտել այս պայքարի մեջ, եւ այս փաստը եւս մեզ ապացուցում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ մինչեւ վերջ գնալու ենք»:

Երկու օր առաջ Գալստյանին եւ «Սարգիս Տխրունի» միության եւս մեկ անդամի ձերբակալել եւ տարել էին ոստիկանության Կենտրոնի բաժին` ընդդիմադիր բովանդակությամբ թռուցիկներ փակցնելու համար: Շուրջ երեք ժամ ոստիկանությունում պահելուց հետո նրան ազատ էին արձակել, ինչպես ինքն էր պատմել «Ազատություն» ռադիոկայանին` խորհուրդ տալով այլեւս նման թռուցիկներ չտարածել:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG