Մատչելիության հղումներ

Թուրք հրատարակիչը կարող է ազատազրկվել 301 հոդվածով


Թուրք հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուն այսօր կարող է մինչեւ երեք տարվա ազատազրկման դատապարտվել լոնդոնաբնակ գրող Ջորջ Ջերջյանի «Ճշմարտությունը կարող է ազատագրել մեզ» գրքի թուրքերեն թարգմանությունը հրատարակելու համար: Գիրքը վերաբերում է անցյալ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը եւ հայ - թուրքական հաշտեցման կոչ է անում:

«Բելգե» հրատարակչատան տնօրենը դատարանի առջեւ է կանգնել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով, որը պատիժ է նախատեսում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

«Վաղվա լսումներում կարող է վերջնական վճիռ կայացվել 2005 թվականին սկսված իմ դատավարությունում: Դատախազը [տվյալ հոդվածով նախատեսված] առավելագույն պատժաչափն է պահանջում», - երեքշաբթի օրը «Ռոյթերզ»-ին ասել է թուրք հրատարակիչը:

«Ես դեմ եմ ազատ խոսքի սահմանափակման բոլոր ձեւերին: Ես նույնիսկ չեմ գրել այդ գիրքը, սակայն թուրք ժողովուրդը իրավունք ունի իմանալ, թե ինչ են մտածում հայերը», - հայտարարել է Զարաքօլուն:

Նա հայտնել է, որ բողոքարկելու է իրեն դատապարտող ցանկացած դատավճիռ:

Ինչ վերաբերում է բազմիցս եվրոպական կառույցների քննադատությանը արժանացած 301 հոդվածը փոփոխելու պատրաստակամության վերաբերյալ թուրքական կառավարության հավաստիացումներին` Ռագըպ Զարաքօլուն ընդգծել է, որ կառավարությունը կարող էր արդեն իսկ փոխած լինել օրենքը:

«Դա շատ վտանգավոր հոդված է: Եթե գրողները եւ լրագրողները մեղադրվում են որպես դավաճաններ եւ Թուրքիայի թշնամիներ, հեշտ չէ դիմագրավել թուրքական հասարակական կարծիքին: Դա դուռ է բացում ծայրահեղ ազգայնական ավազակախմբերի առջեւ` մեզ Լինչի դատաստանի ենթարկելու կամ սպանելու համար», - ընդգծել է թուրք հրատարակիչը` մատնանշելով Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի օրինակը, ով այս տարվա հունվարին սպանվեց երիտասարդ ազգայնականի կողմից:

Ազատ խոսքի պաշտպանության հարցում իր սկզբունքային դիրքորոշման եւ թուրքական իշխանություններին անհաճո գրականություն հրատարակելու համար Ռագըպ Զարաքօլուն տասնամյակներ շարունակ հետապնդվել է իր երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG