Մատչելիության հղումներ

Քուրթ Վոլքեր. «Ճնշումներն ու ձերբակալությունները ճիշտ գործելաոճ չեն»


Միայն երկխոսությունն ու հետագա կտրուկ քայլերի բացառումը հնարավոր կդարձնի հայաստանյան քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քուրթ Վոլքերը:

«Մենք աշխատում ենք կողմերին համոզել, որպեսզի երկխոսության սկիզբ դրվի: Խոսքը թե’ կառավարության մասին է, որը շատ կոշտ մեթոդների է դիմել` սահմանափակելով լրատվամիջոցների ազատությունը, արտակարգ դրություն հայտարարելով, ձերբակալություններ իրականացնելով: Դիմում ենք նաեւ ընդդիմությանը, որն այդ մարդաշատ ցույցերի կազմակերպիչն էր: Մենք աշխատում ենք երկու կողմի հետ էլ` փորձելով քաղաքական երկխոսություն նախաձեռնել, կազմակերպել մի «կլոր սեղան», որի շուրջ կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները կքննարկեն ստեղծված իրադրությունը` փորձելով հանգուցալուծել այն հակամարտությունն ու լարվածությունը, որն այսօր առկա է», - ասել է Վոլքերը:

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հատուկ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների որդեգրած մարտավարությունը:

«Մենք չենք կարծում, որ հետագա ճնշումները, հետագա ձերբակալությունները ճիշտ գործելաոճ են: Անհրաժեշտ է վերացնել արտակարգ դրությունը, ապահովել մամուլի եւ հավաքների ազատությունը, ապահովել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որպեսզի Հայաստանը կարողանա դուրս գալ քաղաքական այս ճգնաժամից», - հայտարարել է Քուրթ Վոլքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG