Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբ. «Ադրբեջանի խորհրդարանը ի զորու չէ վերահսկել ռազմական ծախսերը»


Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստել է Ադրբեջանի բանակի խնդիրներին նվիրված վերլուծություն, որում նշում է, թե պետությունը զինված ուժերին է հատկացնում նավթի վաճառքից ստացած հսկայական միջոցներ: Ռազմական բյուջեն անցած 5 տարում ավելի քան տասնապատկվել է, ինչն ինքնին տագնապ է հարուցում, ստիպելով մտածել, թե արդյո՞ք նախագահ Իլհամ Ալիեւին ի վերջո չի գայթակղի Լեռնային Ղարաբաղը պատերազմով հսկողության տակ վերադարձնելու տարբերակը:

Խմբի փորձագետների կարծիքով, առաջիկա տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են ավելացնել ռազմական բյուջեն, ինչը արդարացվում է Ղարաբաղի չլուծված խնդրով ու տարածաշրջանի ընդհանուր անկայունությամբ եւ արժանանում է բնակչության աջակցությանը: Ռազմական բյուջեի արագ ավելացման եւ ծախսերի թափանցիկության պակասի մասին միջազգային կառույցների ահազանգերին Բաքվում առանձնապես չեն արձագանքում:

«Պաշտպանության ոլորտի բարեփոխումը պետք է լինի ամբողջ ժողովրդավարական գործընթացի անբաժան մասը: Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է զինված ուժերում կատարել խորքային բարեփոխումներ, ապա դրանք անհրաժեշտ է իրականացնել նաեւ կառավարության մնացած օղակներում եւ ամբողջ հասարակարգում», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան բաժնի տնօրեն Լոուրենս Շիթսը եւ հավելել. - «Սակայն Ադրբեջանի խորհրդարանը ի զորու չէ վերահսկել ռազմական ծախսերը, չունի ուժային նախարարներից, այդ թվում պաշտպանական գերատեսչության ղեկավարից հաշվետվություն պահանջելու լիազորություն»:

Միջազգային ճգնաժամային խմբի համոզմամբ, ՆԱՏՕ-ն, որը Ադրբեջանին աջակցում է բանակի բարեփոխման հարցում, պետք է նպաստի Ադրբեջանի եւ Հայաստանի զինվորականների երկխոսությանը: Միջազային համայնքը, Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրեն` կողմերին համոզելու առկա հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ եղանակով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG