Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք պետք է հասնենք Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը»


«Հայաստանի դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ. մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Ցյուրիխի «Հայաթ» հյուրանոցի սրահում շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք այլ խնդիր մեր առջեւ չենք դնում», - վստահեցրել է Սերժ Սարգսյանը` խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հունվարի 28-ին Ցյուրիխում կայացած հանդիպման մասին: - «Եվ այն հեքիաթները, որ որոշ մարդիկ փորձում են պատմել` թե իբր ելնելով ինչ-ինչ նպատակներից կամ տեղի տալով ինչ-ինչ ճնշումների, մենք կարող ենք միակողմանի զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի խնդրում, իրականությանը չեն համապատասխանում։ Մենք չենք կարող մեր ազգային նպատակը, համընդհանուր խնդիրը զոհել ինչ-ինչ երկրորդական խնդիրներ լուծելու համար»:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Դավոսում կայացած հանդիպմանը` Սերժ Սարգսյանը ասել է. - «Հանդիպման արդյունքում մենք հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները: Եվ կարծում եմ, որ երկու հարեւան պետությունների միջեւ առանց որեւէ նախապայմանների բնականոն ու քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելը բխում է մեր շահերից»։

«Այստեղ էլ ուզում եմ, որ բոլորի համար միանշանակ պարզ եւ հասկանալի լինի: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում ստորադասել մեր ազգային շահերն ինչ-ինչ խնդիրների: Մենք մշտապես ասել ենք, հիմա էլ կրկնում ենք` առանց որեւէ նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ստեղծել միջկառավարական հանձնաժողով, այնուհետեւ քննարկել ցանկացած հարց, որ կա մեր երկու պետությունների, մեր երկու ժողովուրդների միջեւ», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

«Այսօր աշխարհը կանգնած է նոր մարտահրավերի` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առջեւ։ Հայաստանը, ինչպես եւ մյուս երկրները, լուրջ անհանգստացած են։ Մեր խնդիրն է նվազագույնի հասցնել մեր ժողովրդի համար այս ճգնաժամի բացասական հետեւանքները։ Մեզ մինչեւ այժմ հաջողվել է երկրում ապահովել ֆինանսական կայունություն, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ նման գլոբալ գործընթացներից։ Եթե մենք չկարողանանք այլ երկրների հետ համեմատած ավելի լավ վիճակում լինել, ուրեմն մենք վատ ենք աշխատում, իսկ մենք չենք ցանկանում վատ աշխատել», - ասել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

Շվեյցարահայ համայնքին նախագահը կոչ է արել շարունակել աշխատանքը` «այն, ինչ դուք անում եք տարիներ, տասնամյակներ ի վեր», միաժամանակ հորդորելով «մի քիչ ավելի ակտիվ լինել, ավելի շատ ջանքեր ներդնել»: «Խոսքը ոչ միայն նրա մասին է, որ կա ճգնաժամ, կան խնդիրներ, այլեւ, որ մենք ցանկանում ենք Հայաստանում ունենալ ավելի մեծ հաջողություններ, քան ունեցել ենք այս 17 տարիների ընթացքում: Ու կախված այն հանգամանքից, թե յուրաքանչյուր հայ ինչպիսի մասնակցություն կունենա այս աշխատանքներում, դրանից է կախված լինելու իրական արդյունքը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով. - «Նորից եմ կրկնում` յուրաքանչյուր հայ, ոչ թե` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետեւ մեր ներուժը մեր միասնականության մեջ է: Համախմբվածությունն ու միասնականությունը մեզ պետք են օդի ու ջրի պես։ Ազգային միասնականությունը, կարգախոս լինելուց բացի, լավ աշխատելու, մեծ գործեր ձեռնարկելու եւ հաջողության հասնելու միակ գրավականն է»։

Հայ համայնքի հետ հանդիպմամբ նախագահը ավարտել է իր աշխատանքային այցը Շվեյցարիա:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG