Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը


Այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախասրահում բուհի անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Բրյուսովի համալսարանի ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել «Միասին» երիտասարդական նախաձեռնության գրասենյակի դիմաց` պահանջելով փաստեր եւ ապացույցներ ներկայացնել նախաձեռնության կողմից իրականացվող «Կաշառակեր դասախոսներ» ակցիայի շրջանակներում կազմակերպության կողմից կաշառառության մեջ մեղադրվող դասախոսների վերաբերյալ:

Ակցիայից հետո ուսանողները երթով շարժվեցին դեպի համալսարան: Երթը լուսաբանող մի խումբ լրագրողներ ցանկացան հանդիպել համալսարանի ղեկավարությանը, սակայն համալսարանի նախասրահում անվտանգության աշխատակիցները խոչընդոտեցին լրագրողների մուտքը` հայտարարելով, թե ներս թողնելու հրահանգ չունեն: Այնուհետեւ, վեճ սկսվեց անվտանգության աշխատակիցների եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի միջեւ, ով ուսանողների խմբի հետ անցակետը անցել եւ հայտնվել էր համալսարանի նախասրահում: Շամշյանի նկատմամբ բռնություն գործադրվեց` ֆոտոլրագրողին գցեցին գետնին եւ սկսեցին ոտքով հարվածներ հասցրել որովայնին:

«Անվտանգության աշխատակիցը հարցրեց` դու ոնց ես բարձրացել վերեւ: Ասացի` լավ եմ արել, ու նա ագրեսիվ հարձակվեց վրաս: Ընկա գետնին, այդ ընթացքում էլի սկսեց հարվածել ոտքով: Իր ընկերը եկավ ու սկսեց օգնել: Պառկել էի: Ոտքերով ես էլ իրենց էի խփում, պաշտպանվում էի», - պատմեց լրագրողը:

Շամշյանը դեպքի վայրից եկել էր մոտակայքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ, որտեղ, ժամը 13:00-ի սահմաններում, պարզվեց, որ ֆոտոլրագրողի որովայնի շրջանում արյունահոսություն է սկսվել:

Դեպքի մասին անմիջապես տեղյակ պահվեցին ոստիկանությունը եւ Շտապօգնության ծառայությանը: Շտապօգնության բժշկուհին վիճակը գնահատեց միջին ծանրության: Գագիկ Շամշյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ, ոստիկանության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, պարզվել է, որ Գագիկ Շամշյանին մարմնական վնասվածք է պատճառել համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդմոբիլ» ՍՊԸ-ի աշխատակից Կարեն Միրիջանյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Կատարվում է հետաքննություն:

Համալսարանի ղեկավարությունը եւ անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվեցին դեպքի առիթով որեւէ մեկնաբանություն տալ:

Միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Նման վերաբերմունքը լրագրողի նկատմամբ եւս մեկ անգամ փաստում է հասարակությունում անհանդուրժողականության, որպես մշակույթ արմատավորվելը։ Դրա պատճառն է նախկինում նման դեպքերի անպատժելիությունը։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում:

Միջադեպի առնչությամբ հայտարարություն են տարածել նաեւ լրագրողական եւ իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, որտեղ, մասնավորապես, ասվում է. - «Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է ծագել կոնֆլիկտը լրագրողի եւ համալսարանի ներքին անվտանգության աշխատակիցների միջեւ, դաժանությունը, որ դրսեւորել են վերջիններս, որեւէ արդարացում չի կարող ունենալ»:


Հասմիկ Սմբատյան
XS
SM
MD
LG