Մատչելիության հղումներ

Զեկույց. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում Հայաստանը աշխարհում գրավում է վերջից 20-րդ տեղը»


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած վերջին զեկույցում Հայաստանը 134 երկրների շարքում գրավել է 114-րդ հորիզոնականը: Նախկին խորհրդային երկրներից ավելի վատ արդյունք գրանցվել է միայն Ղրղըզստանում:

Կազմակերպությունը, որը շուրջ 4 չորս տասնամյակ աշխատում է համաշխարհային տնտեսության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ եւ կազմակերպում է Դավոսի տնտեսական համաժողովը, վիճակագրական տվյալները հաշվի առնելուց բացի, հարցումների միջոցով դիտարկել է իրավիճակը 9 ոլորտներում` տնտեսական-քաղաքական միջավայրից մինչեւ գործարար շրջանակներում եւ դպրոցներում համակարգիչների տարածվածության եւ օգտագործման աստիճանը:

Ուսումնասիրության համաձայն, ամենավատ ցուցանիշը Հայաստանն արձանագրել է տեղական շուկայի մրցունակության ոլորտում` հայտնվելով ցուցակի վերջից երրորդ հորիզոնականում. Հայաստանից վատ արդյունք են ցույց տվել միայն Չադն ու Թիմորը:

Հարցման մասնակիցները նույնչափ վատ են գնահատել նաեւ խոսքի ազատության աստիճանը. այստեղ Հայաստանը հայտնվել է ցուցակի վերջից հինգերորդ հորիզոնականում, առաջ անցնելով միայն Lիբիայից, Վենեսուելայից, Եթովպիայից եւ Զիմբաբվեից:

Մտահոգիչ է նաեւ ինտերնետի տարածվածության ցածր աստիճանը դպրոցներում. այս ասպարեզում հարեւան Ադրբեջանը 49 հորիզոնականում է, Թուրքիան` 55-րդ, Վրաստանը` 61-րդ, մինչդեռ Հայաստանը` միայն 103-րդ:

Lավագույն ցուցանիշը գրանցվել է անձնական համակարգիչների տարածվածության հարցում. այստեղ Հայաստանը հայտնվել է ցուցակի գրեթե մեջտեղում. ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 10 բնակչից մեկը ունի եւ օգտվում է անձնական համակարգչից:

Այդուհանդերձ, զեկույցի համաձայն, ինտներնետից Հայաստանում օգտվում է յուրաքանչյուր հարյուր բնակչից հինգը. այս հարցում նախկին Խորհրդային Միության բոլոր երկրները, բացառությամբ Տաջիկստանի, գերազանցում են հայաստանյան ցուցանիշը:

Զեկույցի համաձայն, Հայաստանում խիստ ցածր է գնահատվել նաեւ գործարար ոլորտում ինտերնետի օգտագործման ու կառավարության կողմից օնլայն ծառայությունների մատուցման աստիճանը. այստեղ եւս Հայաստանը ետ է մնում նախկին Խորհրդային Միության երկրներից:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG