Մատչելիության հղումներ

Քլինթոնը առաջիկայում Ղարաբաղի հարցի «որոշ լուծում» է ակնկալում


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Ղարաբաղյան խնդրին:

Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է. - «Ես կարծում եմ, որ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանները բացելու` Թուրքիայի ու Հայաստանի քայլերը կստեղծեն ավելի նպաստավոր միջավայր` դիմակայելու այդ ընդհանուր ողբերգական պատմությունը: Թուրքիայի ու Հայաստանի կառավարությունները ուզում էին, որ Միացյալ Նահանգները աջակցի եւ քաջալերի իրենց` հաշտեցման ջանքեր գործադրելու համար: Այդ խնդրանքից հետո ե՛ւ նախագահը, ե՛ւ ես ամբողջովին աջակցում ենք նրանց»:

Ղարաբաղյան հակամարտության մասին Հիլարի Քլինթոնը ասել է. - «Մենք նաեւ հավաստիացրել ենք Ադրբեջանի կառավարությանը, որ մենք ակտիվացնելու ենք մեր ջանքերը` լուծելու համար Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա այլ խնդիրները: Ինչպես գիտեք, կա [ԵԱՀԿ-ի] Մինսկի խմբի գործընթաց, որում մենք պատրաստվում ենք խորապես ներգրավվել: Եվ դա մենք արդեն անում ենք: Վերջին երեք շաբաթվա մեջ մենք երկու անգամ Պետդեպարտամենտի պաշտոնյա ենք ուղարկել Ադրբեջան, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում որոշ լուծում կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG