Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է 9-րդ «Հայ ֆեստ» թատերական փառատոնը


Այս տարի «Հայ ֆեստի» միջազգային թատերական փառատոնի բացման ներկայացումը հունգարական է. «Փի ար էվալուշն» թատրոնը կցուցադրի «Կապույտ մարդիկ» պարային ներկայացումը, որը պատմում է տղամարդկանց հոգեկան աշխարհի մասին:

«Սովորաբար տղամարդիկ շատ ուժեղ են կամ պետք է լինեն ուժեղ, բայց պետք է տեսնել նաեւ նրանց հոգու թուլությունն ու գեղեցկությունը, հենց այն, ինչ ես փորձել եմ ցույց տալ ներկայացմամբ: Դուք կտեսնեք միայն իրավիճակներ ու զգացողություններ, պետք է զգաք, տեսնեք ու հաճույք ստանաք ու դիտելիս փորձեք լինել այնպիսին, ինչպիսին կաք», - այսօր փառատոնի բացման ասուլիսին նշեց հունգարական թատրոնի խորեոգրաֆ Սոֆյա Նեմեսը:

Այս տարվա փառատոնի ծրագրում հանդիսատեսը տասնյակ ներկայացումների շարքում կդիտի բուլղարական հանրահայտ «Կրեդո» թատրոնի «Հայրիկը միշտ ճիշտ է» ներկայացումը, Իրանի «Քրեյզի բոդի» թատրոնի «Ցեխ» ներկայացումը, Իտալիայից բերված «Թիթեռնիկ բռնող ծաղրածուն» մնջախաղը, շոտլանդական հեղինակավոր Էդինբուրգի փառատոնի ծրագրից երկու ներկայացում` 3D տեխնոլոգիայով նկարված «Մենության տանգոն» եւ «Պրոտոթայփ» թատրոնի «3-րդ անձ` Բոնի եւ Քլայդ» ներկայացումը, որոնք երկուսն էլ «Հայ ֆեստին» մասնակցում են Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի արվեստի ծրագրերի ղեկավար Գրեգորի Նեշը «Մենության տանգոն» բնութագրեց որպես արտասովոր ներկայացում, քանի որ ներկայացումը մեկ ցուցադրության ժամանակ կարող է ունենալ միայն մեկ հանդիսատես եւ ստեղծված է 3D տեխնոլոգիայով, տեւողությունը 5 րոպե է:

Բրիտանական հաջորդ ներկայացումը` «3-րդ անձ` Բոնի եւ Քլայդը» մուլտիմեդիա բեմադրություն է, պատմում է 20 -րդ դարի սկզբին Նյու-Յորքում քրեական կյանքով հանրահայտ դարձած Բոնիի եւ Քլայդի սիրո պատմությունը:

«Հայ ֆեստի» փակման ներկայացումը վրացական Մարջանիշվիլու անվան թատրոնի ու բրիտանական «Մերկուրի» թատրոնի համատեղ ստեղծած «Կապիտան Կորելլիի մանդոլինան» տիկնիկային դրաման է:

Հոկտեմբերի 1-ից 8-ը հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու մոտ 30 ներկայացում աշխարհի 18 երկրներից:

please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG