Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ աշխատանքը ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ


Ռուսաստանի իշխանությունները ոչ միայն պատրաստ են, այլեւ ցանկանում են մասնակցել Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին:

Երեւանում այսօր անցկացված ԱՊՀ երկրների միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկին, փոխանցելով Ռուսաստանի իշխանությունների վերոհիշյալ դիրքորոշումը, հայտարարեց, որ էներգաբլոկի կառուցման շուրջ աշխատանքը հայկական կողմի հետ ընդհատված չէ, այն շարունակվում է:

Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ Հայաստանի իշխանությունների հետ այս ոլորտում համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս անցյալ տարի Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ:

«Մեզ համար որեւէ կասկած չկա: Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլեւ ցանկանում ենք մասնակցել նաեւ ֆինանսական փաթեթի ձեւավորմանը: Մենք պատրաստ ենք մասնակցել նաեւ հետագայում` շահագործման ընթացքում», - հայտարարեց Սպասսկին։ - «Անձամբ ես մասնակցել եմ այս ծրագրի պատրաստմանն ու բանակցություններին: Այն Ռուսաստանի իշխանությունների համար միջազգային ծրագրերի շարքում համարվում է հեռանկարային»։

«Ռոսատոմի» ներկայացուցիչը նշեց, որ անցած մեկ տարում էական առաջընթաց է արձանագրվել փաստաթղթերի ձեւակերպման, նաեւ ֆինանսական խնդիրների քննարկման շուրջ, սակայն ինչպես ցանկացած լուրջ նախագիծ, այն եւս երկար ժամանակ է պահանջում:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն իր հերթին հավելեց, որ աշխատանքները տարվում են ընդունված ժամանակացույցի համաձայն:

Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն է: Մինչ այդ, ըստ հայ-ռուսական համաձայնագրի, կառուցվելու է երկրորդ էներգաբլոկը, որը կփոխարինի ներկայիս գործող էներգաբլոկին:

Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման ծրագրի արժեքը հասնում է 4.5 միլիարդ դոլարի: Ըստ համաձայնագրի, Ռուսաստանը կֆինանսավորի նախագծի արժեքի 20 տոկոսը, եւս 20 տոկոսը կապահովի Հայաստանը: Մնացած 60 տոկոսը նախատեսվում է ներգրավել տարբեր ներդրողներից:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցած ամիս հայտարարել է, թե Ֆրանսիան եւս կաջակցի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը։
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG