Մատչելիության հղումներ

Ֆրանսահայերին ընդունեց նաեւ Ֆրանսուա Հոլանդը


Ելիսեյան պալատում երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումից օրեր անց, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչներին ընդունել է նաեւ նախագահական ընտրություններում Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Հոլանդը։

Les Nouvelles d’Armenie հանդեսի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` երեկ իր ընտրարշավի գլխավոր գրասենյակում Միշել Ղազարյանի, Պասկալ Շամասյանի, Ալեքսիս Գովչիյանի, Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի հետ հանդիպման ժամանակ Հոլանդը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու իր ցանկությունը եւ հավաստիացրել, որ իր ընտրվելու դեպքում` պաշտոնավարման հենց սկզբում, կներկայացվի կառավարական համապատասխան օրինագիծ։

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածուն հիշեցրել է իր խոստումը, ըստ որի` Հայոց ցեղասպանության ճանաչումը պաշտոնական Փարիզը համարելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության չափանիշներից։

Հոլանդը խոստացել է ընտրություններում հաղթանակի դեպքում ապահովել ֆրանսիական պետության մասնակցությունը Փարիզում Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանի կառուցմանը 2015 թվականին` ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաեւ վստահեցրել է, որ առանձնահատուկ ուշադրություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալուն։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ողջունել է սոցիալիստ թեկնածուի հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG