Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժեց Սուքիասյանի հայցադիմումը


Վարչական դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը։

Խաչատուր Սուքիասյանը դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի Սուքիասյանին չգրանցեցին իբրեւ պատգամավորության թեկնածու։ Հիշեցնենք՝ ԸԸՀ-ն որպես մերժման հիմք մատնանշել էր ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը առ այն, որ Սուքիասյանը վերջին հինգ տարիների ընթացքում 10 ամիս բացակայել է Հայաստանից, հետեւաբար՝ մշտապես չի բնակվել Հայաստանում եւ չի կարող գրանցվել որպես պատգամավորության թեկնածու։

Ընտրական վեճերը քննում են 5 դատավորներ։ Նիստը նախագահել է դատավոր Կարեն Ավետիսյանը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուքիասյանի պաշտպան Արա Զոհրաբյանը, դատարանի վճիռը բողոքարկման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Խաչատուր Սուքիասյանի մամլո պատասխանատուն ավելի ուշ հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ Սուքիասյանի փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը:

«Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել եւ չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG