Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Հայաստանի պետական սահմանների արդիականացման ծրագիրը


Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի կառավարության եւ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջեւ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային եւ համաֆինանսավորման համաձայնագրեր:

Փաստաթղթերը Հայաստանի կառավարության անունից ստորագրել են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՄԱԶԾ-ի անունից՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Բոբերգը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` ծրագրի նպատակն է «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերը համապատասխանեցնել սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ, վերոնշյալ սահմանային կետերում բարելավել անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ու այնուհետ դեպի Եվրամիության երկրներ անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների օրինական տեղաշարժը, զարգացնել միջգերատեսչական համագործակցությունը եւ նպաստել տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը:

Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի կառավարությունը օգոստոսի 7-ին Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրել է 30.316 միլիոն եվրո արժողության վարկային համաձայնագիր: Նախատեսվում է նաեւ 10.3 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրում Վերակառուցման եւ զարգացման եվրոոպական բանկի հետ: Եվրոպական ներդրումային բանկը նաեւ կհամակարգի ԵՄ հարեւանության ներդրումային գործիքի հիմնադրամից 12 միլիոն եվրո դրամաշնորհ ստանալու աշխատանքները:

Ծրագրի բյուջեի մաս կկազմեն ԵՄ Արեւելյան գործընկերության Սահմանային համալիր կառավարման առաջատար նախաձեռնության ծրագրի կողմից «Բավրա» եւ «Բագրատաշեն» անցակետերի համար շուրջ 3.5 միլիոն եվրո դրամաշնորհը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները` շուրջ 0.8 միլիոն եվրոյի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG