Մատչելիության հղումներ

Արցախյան պատերազմը գալիս է Հոլիվուդ` շնորհիվ Ադրբեջանի


Հարութ Սասունյանը Երեւանում, հոկտեմբեր, 2012թ.
Հարութ Սասունյանը Երեւանում, հոկտեմբեր, 2012թ.
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Արցախի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը որեւէ մեկին իրավունք չի տալիս ռասիստական եւ վիրավորական արտահայտություններ անել սահմանից այն կողմ գտնվող մարդկանց հասցեին: Նույնիսկ պատերազմական պայմաններում գոյություն ունեն վարքագծի քաղաքակիրթ նորմեր:

Քանի որ այս երկու հարեւան երկրները գտնվում են բարդ բանակցությունների մեջ՝ իրենց դժվարին հակամարտությունը լուծելու համար, անպատասխանատվություն է կրակի վրա յուղ լցնել` հրահրելով ազգամիջյան եւ միջկրոնական ատելություն եւ բորբոքելով կուտակված զգացմունքները: Մինչ որոշ հայեր կարող են ներգրավվել պարբերական զգացմունքային պոռթկումներում, Ադրբեջանի ղեկավարները ռասիստական հայտարարություններն ու հակահայկական սպառնալիքները դարձրել են պետական քաղաքականություն:

Նման ամոթալի վարքագիծը պատճառ դարձավ, որ Արցախյան հակամարտությունը տարածվի Հունգարիայում (օգտագործելով կացինը), Մեխիկոյում (հինգ միլիոն դոլար արժողությամբ շռայլ նվեր խոստանալով պուրակում Ալիեւի արձանի տեղադրման համար` հակահայկական հուշատախտակով) եւ այլ երկրներում, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում հակամարտության իսկական թատերաբեմից:

Այժմ ադրբեջանցիները որոշել են Արցախյան պատերազմը փոխադրել Հոլիվուդ, այն բանից հետո, երբ Հայաստանը «Օսկարի» համար պաշտոնապես ներկայացրեց «Եթե բոլորը…» խորագիրը կրող մի անմեղ ֆիլմ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացավ անցյալ շաբաթ Հոլիվուդում, «Արփա» միջազգային կինոփառատոնում:
Հայկական ֆիլմում ներկայացված է երիտասարդ ռուս աղջկա պատմությունը, որի հայրը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ: Քսան տարի անց, նա գալիս է Հայաստան՝ հուսալով հոր զորամասի հրամանատարի օգնությամբ գտնել իր հոր անանուն գերեզմանը: Երկար փնտրելուց հետո, երիտասարդ աղջիկը բացահայտում է, որ հոր գերեզմանը գտնվում է սահմանի մյուս կողմում՝ Ադրբեջանի տարածքում: Նա եւ հայ հրամանատարը գիշերվա քողի տակ գաղտնի անցնում են շփման գիծը եւ մինչ կեչու ծառ էին տնկում աղջկա հոր գերեզմանին, բախվում են զինված ադրբեջանցի հովվին, որն սպառնում է կրակել նրանց վրա: Հետո իմանալով, որ աղջկա հայրը թաղված է այնտեղ, ադրբեջանցին թույլ է տալիս նրանց անվնաս հեռանալ՝ ցավը սրտում նրանց պատմելով, որ իր 10-ամյա որդին եւս զոհվել է պատերազմի ժամանակ՝ կանգնելով ականի վրա: Ադրբեջանցի հովիվը պատմում է, որ նա չի կարող այցելել իր որդու գերեզմանին, քանի որ այն գտնվում է Արցախում: Ֆիլմն ավարտվում է բարձր նոտայի վրա՝ հրաշալի ժեստով, երբ ռուս աղջիկը եւ նրա հայ ուղեկիցը մեկ այլ ծառ են տնկում՝ այս անգամ արդեն ադրբեջանցի տղայի գերեզմանին:

Թեեւ ֆիլմը չի պարունակում հակաադրբեջանական հռետորություն եւ չի ցուցադրում որեւէ տեսարան Ղարաբաղի պատերազմից, այնուամենայնիվ ադրբեջանցի լրագրողները խստորեն քննադատել են ֆիլմը՝ առանց մի կադր իսկ դիտելու: Ակնհայտ է, որ հայկական ֆիլմ լինելու հանգամանքն արդեն բավարար պատճառ է նրանց համար՝ փորձելու խոչընդոտել ֆիլմի ներկայացմանը Ակադեմիայի մրցանակաբաշխությանը: Ադրբեջանական լրատվամիջոցները ֆիլմը կեղծորեն որակել են որպես «քարոզչական ֆիլմ» եւ «Ադրբեջանի դեմ Հայաստանի սանձազերծած տեղեկատվական պատերազմի» օրինակ:

Հարցերն էլ ավելի վատացնելով, ադրբեջանցի լրագրող Ալի Հաջիզադեն հարձակվեց Կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ակադեմիայի խոսնակ Թենի Մելիտոնյանի վրա, միայն այն բանի համար, որ նա ծագումով հայ է: Որպես իր պաշտոնական պարտականության մաս, նա մամլո հաղորդագրություն էր հրապարակել՝ նշելով բոլոր այն 71 արտասահմանյան երկրների անունները, որոնք ֆիլմեր էին ներկայացրել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, ներառյալ՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան:

Ադրբեջանցիների համար կարեւոր է հասկանալ, որ նման ռասիստական ելույթները տեղ չունեն քաղաքակիրթ հասարակությունում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով եւ ոչ թե այլատյացության վիրավորանքներ շպրտելով: Մի օր, երբ խաղաղությունը վերահաստատվի տարածաշրջանում, հայերն ու ադրբեջանցիները պետք է կողք կողքի ապրեն ոչ թե որպես թշնամիներ, այլ որպես հարեւաններ եւ ընկերներ: Ատելություն եւ ռասիզմ սերմանող ադրբեջանցիները ոչ միայն ցեխ են շպրտում իրենց սեփական հեղինակության վրա, այլեւ անտեղի խորացնում եւ երկարաձգում են երկու ժողովուրդների միջեւ առկա հակամարտությունը:

Բարեբախտաբար, հայերը զերծ մնացին «Օսկարի» համար Ադրբեջանի ներկայացրած ֆիլմի դեմ պատասխան քայլերից: Քաղաքական պայքարը չպետք է փոխակերպվի մշակութային պատերազմի կամ անձնական վրեժխնդրության: Թող հաղթի լավագույն ֆիլմը, անկախ նրանից` այն արտադրվել է հայի, ադրբեջանցու կամ թուրքի կողմից: Ս.թ. դեկտեմբերի 20-ին Ակադեմիան կհայտարարի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի ինը ֆիլմերի, 2013 թվականի հունվարի 10-ին՝ հինգ ֆինալիստների կարճ ցանկը, իսկ 2013 թվականի փետրվարի 24-ին՝ «Օսկարի» հաղթողին:

«Եթե բոլորը…» ֆիլմը համատեղ նկարահանել են Թերեզա Վարժապետյանը եւ մրցանակակիր դերասան ու ռեժիսոր Միքայել Պողոսյանը, որը ֆիլմում խաղում է հայ հրամանատարի դերը: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, իսկ երիտասարդ ռուս աղջկա դերակատարը՝ Եկատերինա Շիտովան: Ֆիլմը ցուցադրվել է Երեւանում, Մոսկվայում, Փարիզում, Բուխարեստում, Հոլիվուդում եւ արժանացել մի շարք մրցանակների միջազգային կինոփառատոններում:


Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG