Մատչելիության հղումներ

Երկաթուղագիծը ապամոնտաժած ընկերության անվանումը չի հրապարակվում


«Հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից երկաթուղային ռելսերն ապամոնտաժելու եւ իրացնելու միջոցով յուրացում կատարելու դեպքի առթիվ»։

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է, որ կապ չունի 64,5 միլիոն դրամ արժողությամբ երկաթուղային ռելսերի ապամոնտաժման պատմության հետ։

Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված է․ - «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից երկաթուղային ռելսերն ապամոնտաժելու եւ իրացնելու միջոցով յուրացում կատարելու դեպքի առթիվ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական, պայմանագրեր կնքելու եւ մի շարք այլ լիազորություններով, իմանալով, որ իր ղեկավարած ընկերության տարածքում գտնվող 738,5 մետր երկարությամբ եւ 64 578 060 դրամ արժողությամբ երկաթուղային ռելսերը չեն պատկանում նշված ընկերությանը եւ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, 2006-2012թթ. ընթացքում դրանք ապամոնտաժել եւ իրացրել է` յուրացնելով գոյացած գումարը` այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս»:

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ընդհանրապես կապ չունի այդ պատմության հետ։ Իսկ հաղորդագրության մեջ խոսքը «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենի մասին չէ, այլ իրավաբանական անձի տնօրենի մասին է, որի անունը չի բացահայտվում, ավելին՝ այդ իրավաբանական անձն էլ չի բացահայտվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց ընկերության մամուլի խոսնակ Վահե Դավթյանը՝ հավելելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ըներությունը որոշել է չխառնվել գործին՝ «քանի որ ապամոնտաժվող երկաթուղային գծերը չեն գտնվում բալանսում»։

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ապամոնտաժված 738 մետր երկաթուղային գծերը պետական սեփականություն են հանդիսանում։

Երկաթգծի հատվածի ապամոնտաժման մասին տեղեկատվությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանն է փոխանցել քաղաքացի Արամ Բեջանյանը։ Նա գրավոր դիմել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, տեղեկացնելով, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում առկա է մոտ 100 մետր երկարությամբ երկաթգիծ, որը ոմն մեկը ցանկանում է վերանորոգման նպատակով ապամոնտաժել: Միեւնույն ժամանակ քաղաքացի Բեջանյանը, ում ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա ՊԵԿ աշխատակից է, գրել է, թե իր տեղեկություններով տվյալ անձը իրավունք չունի նման կերպ վարվել եւ ներկայացվող բոլոր փաստաթղթերը կեղծ են: Այս գրության կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղին» դիմել է իրավապահ մարմիններին, որի արդյունք ում է հարուցվել է վերոհիշյալ քրեական գործը։

Քաղաքացի Բեջանյանը «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն օրվա ընթացքում չպատասխանեց եւ առայժմ մեզ չի հաջողվել պարզել, թե որտեղ է գտնվում երկաթուղու ապամոնտաժված հատվածը։ Իսկ Գլխավոր դատախազությաններկայացուցիչը խուսափում է պատասխանել նույն հարցին, ինչպես նաեւ չի հրապարակում ապամոնտաժումն իրականացրած ընկերության անվանումը։

«Մենք ընկերությունների անվանումները, քանի դեռ գործը դատարան չի ուղարկվել, չենք հրապարակում, հաշվի առնելով Սահմանադրությունն ու Եվրոպական կոնվենցիայի պահանջները», - մեզ հետ զրույցում ասաց Սոնա Տռուզյանը։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց երկաթուղու հատվածը ապամոնտաժած ընկերության անվանումը չհրապարակելու փաստի կապակցությամբ։

«Անմեղության կանխավարկածը օգտագործում են միայն այն դեպքում, երբ իրենց հաճո մարդու իրավունքներ են խախտվել։ Դա ի՞նչ կապ ունի, հո բաց բաժնետիրական ընկերությանը չեն մեղադրում, ընկերության տնօրենին են մեղադրում, կոնկրետ անձի են մեղադրում։ Այստեղ խնդիրը երեւի անձի թաքցնելու հանգամանքն է», - մեկնաբանեց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG