Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Սիրիայից տարհանում է իր քաղաքացիներին


Սիրիա -- Ազգությամբ ռուս քաղաքացիները ավտոբուսով տարհանվում են Դամասկոսից` Ռուսաստան տեղափոխվելու համար, 22-ը հունվարի, 2012
Սիրիա -- Ազգությամբ ռուս քաղաքացիները ավտոբուսով տարհանվում են Դամասկոսից` Ռուսաստան տեղափոխվելու համար, 22-ը հունվարի, 2012
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր երկու օդանավ է ուղարկել Բեյրութ՝ Սիրիայից հեռանալ ցանկացողներին Ռուսաստան տեղափոխելու համար: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, միայն այսօր այդ ճանապարհով հայրենիք կտեղափոխվի Ռուսաստանի մոտ հարյուր քաղաքացի:

Միջազգային լրատվամիջոցներն այս քայլը դիտարկում են որպես Մոսկվայի կողմից Ասադի պարտությունն ընդունելու նախանշան: Պաշտոնական Կրեմլը, սակայն, հերքում է այդ պնդումները:

«Մենք մեր հայրենակիցներին տարհանելու լայնածավալ ծրագիր այս պահին չունենք, ընդամենն օգնում ենք նրանց, ովքեր ուզում են հեռանալ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

Բարձրաստիճան ռուս դիվանագետը միաժամանակ ընդգծել է, որ իրենք պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի. - «Մենք արդեն իսկ դադարեցրել են Հալեպում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը անվտանգության նկատառումներով, այնպես որ հնարավոր է ամեն ինչ»:

Փորձագետները փաստում են, որ Բաշար Ասադի ամենահավատարիմ աջակիցներից մեկը համարվող Ռուսաստանն այժմ սեփական քաղաքացիներին տարհանելուց բացի նաեւ ընդլայնում է հարաբերությունները Սիրիայի ընդդիմության հետ: Այդ մասին այսօր հայտարարել է նաեւ Ռուսաստանի փոխարտգործնախարարը, ում խոսքով, առաջիկայում ռուս պաշտոնյաները կարող են հավելյալ հանդիպումներ ունենալ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Կան խմբեր Ստամբուլում, Ժնեւում, այլ երկրներում, մենք նրանց, ըստ էության, հանդիպման բաց հրավեր ենք ուղարկել եւ չենք բացառում, որ կարող ենք առաջիկայում դեմ առ դեմ քննարկումներ ունենալ», - ասել է նա:

Մինչ այդ, իրավապաշտպանների հաղորդմամբ, տեղում չի դադարում պայքարը ընդդիմության եւ իշխանության միջեւ: Հաղորդումների համաձայն, ռազմական գործողությունների հիմնական թիրախն այժմ Սիրիան արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհներն են: Հալեպի օդանավակայանը փակ է արդեն երրորդ շաբաթը շարունակ, այս պահին նաեւ կատաղի մարտեր են ընթանում մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում եւ դեպի օդանավակայան տանող ճանապարհին: Հաղորդվում է, որ շարունակական այս մարտերի պատճառով մի շարք տեղական եւ միջազգային ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Դամասկոս, թեեւ Ասադի վարչակազմը անում է հնարավորը` մայրաքաղաքի օդանավակայանը կանգուն եւ գործունակ պահելու համար:

Տեղում օր-օրի լարվող իրադրության պատճառով դեկտեմբերի վերջից չեղյալ են հայտարարվել նաեւ ուղիղ չվերթները Երեւանից Հալեպ: Փոխարենն ակնկալվում է, որ այսօր «Սիրական ավիաուղիները» թռիչք կիրականացնեն Երեւան-Լաթաքիա-Դամասկոս, թեեւ առայժմ հստակ չէ՝ որքանով է անվտանգ ճանապարհը Լաթաքիայի եւ Դամասկոսի միջեւ:

Հայաշատ հոծ բնակչություն ունեցող Հալեպում, ըստ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանի, ընդհարումները շարունակվում են, հայերի շրջանում, սակայն, նոր կորուստների մասին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG