Մատչելիության հղումներ

ԵԴ-ն սկսել է Ջհանգիրյան եղբայրների գործով դիմումների քննությունը


Գագիկ Ջհանգիրյանը դատարանի դահլիճում, նոյեմբեր, 2008 թվական
Գագիկ Ջհանգիրյանը դատարանի դահլիճում, նոյեմբեր, 2008 թվական
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի գործով դիմումների քննությունը:

Գործի փաստերը վերաբերում են 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 22-ին, Ազատության հրապարակում Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ելույթին եւ դրան հետեւած իրադարձություններին: Այդ ելույթում Ջհանգիրյանը անդրադարձել էր 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքներին, բռնություններին, նաեւ խոսել էր հոկտեմբերի 27-ի գործի մասին` նշելով, որ կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով բուն գործից անջատված մասով քրեական գործի վարույթը ապօրինի կարճվեց: Ջհանգիրյանը, դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին, ասել էր, որ եթե ժողովուրդը «օգնի ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա գործն ամբողջությամբ կբացահայտվի»:

Այս ելույթից հետո` հենց հաջորդ օրը, Գագիկ Ջհանգիրյանը եղբոր հետ միասին Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար բերման ենթարկվեց: Այնուհետեւ փաստաբանի փոխանցմամբ` նրանք բռնությունների ենթարկվեցին, ապա ապօրինի կալանավորվեցին եւ դատապարտվեցին ոչ թե ապօրինի զենք կրելու, այլ ոստիկանի նկատմամաբ բռնություն գործադրելու համար: 3 տարվա ազատազրկման դատապարտված նախկին դատախազը անազատության մեջ մնաց 1 տարի 4 ամիս, ապա համաներմամբ ազատ արձակվեց:

«Ընդ որում Արգավանդի խաչմերուկում բռնություն էր գործադրվել նրա եղբոր նկատմամբ, կրակոցներ էին արձակվել եւ նրա եղբայրը եւ երկու ոստիկաններ հրազենային վնասվածքներ էին ստացել ոստիկանի կողմից արձակված կրակոցների հետեւանքով: Այնուհետեւ ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն բերման ենթարկվելուց հետո նրանք բռնության էին ենթարկվել, Ջհանգիրյանի եղբորը ցույց չէր տրվել պատշաճ բժշկական օգնություն. նա արյունահոսել էր եւ բժշկական օգնություն չէր ստացել: Բացի դրանից նրանք ապօրինի ձերբակալվել էին, նրանց նկատմամբ ապօրինի կալանքը ընտրվել էր որպես խափանման միջոց եւ հետագայում երկուսն էլ անօրինական էին դատապարտվել: Եվ այս ամբողջը կապված էր Գագիկ Ջհանգիրյանի ելույթի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի փոխանցմամբ` Եվրոպական դատարան ներկայացված դիմումում իրենք հիմնավորվել էին, որ Գագիկ Ջհանգիրյանի դեմ իրականացված քրեական հետապնդումը եւ հետագայում դատապարտումը պայմանավորված էր Ազատության հրապարակում նրա ելույթով, եւ որ նա միանշանակ ենթարկվել է քաղաքական հետապնդման իր հայացքների համար: Եվրոպական դատարանը անցած ամիս արդեն իսկ սկսել է քննել այս գործով դիմումները եւ Հայաստանի կառավարությանը բազմաթիվ հարցադրումներ է արել: Սահակյանը հատկապես ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանը որոշակի կապ է տեսնում Ջհանգիրյանի` Ազատության հրապարակում ելույթի եւ նրան քրեական հետապնդման միջեւ: Մասնավորապես, դատարանը Հայաստանի կառավարությանը հետեւյալ հարցադրումներն է անում` արդյոք դիմողը իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ չի հանդիսացե՞լ, արդյոք քրեական հետապնդումը եւ հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրե՞լ նրա ազատ արտահայտվելու իրավունքի եւ խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը:

«Միանշանակ է, որ Եվրոպական դատարանը կապ տեսել է նրա` Ազատության հրապարակում ելույթի եւ հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդման եւ դատապարտման միջեւ: Եվ ակնհայտ է, որ այս հարցադրումներից հետո պետությունը չի ունենալու ոչ մի պատասխան, որպեսզի կարողանա Եվրոպական դատարանին բավարարել եւ նշել, որ իրականում նրա խոսքի ազատությունը եւ հավաքների ազատությունը սահմանափակված չեն եղել եւ նրա նկատմամբ չի եղել խտրական վերաբերմունք», - ասում է փաստաբանը:

Դատարանը հարցադրումներ է անում նաեւ Ջհանգիրյանին ազատությունից զրկելու օրինականության հետ կապված, եւ թե արդյոք դիմողի ձերբակալումը հիմնված էր ողջամիտ կասկածի վրա: Ուշագրավ է, որ Եվրոպական դատարանը հարցադրում է արել նաեւ դատարանի կողմից արդար դատաքննության եւ անկողմնակալության վերաբերյալ: Մասնավորապես, դատարանը հարցնում է, թե արդյոք դատաքննությունը նախագահող Կենտրոն եւ Նորք Մարաշ շրջանների դատավորի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած չի հարցում այն հանգամանքը, որ հենց այդ դատավորի որդին հանդիսացել է Գագիկ Ջհանգիրյանի դեմ քրեական գործի նախաքննություն իրականացրած քննչական խմբի անդամ:

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը առանձին հարցադրումներ է արել նաեւ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով: Կառավարությունը բոլոր այդ հարցերին պետք է պատասխանի մինչեւ ապրիլի 9-ը:
XS
SM
MD
LG