Մատչելիության հղումներ

Ալասանիան այլեւս փոխվարչապետ չէ


Իրակլի Ալասանիա, արխիվ
Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հունվարի 21-ից այլեւս փոխվարչապետ չէ։ Այդ պաշտոնում նրա լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիրը, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ, օրերս «ծանր խոսակցություն» էր տեղի ունեցել Ալասանիայի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ` Վրաստանի նախագահի առաջիկա ընտրությունների կապակցությամբ։

«Մենք վարչապետի հետ մի քանի օր առաջ շատ ծանր խոսակցություն ունեցանք այդ թեմայով։ Նա որոշակիորեն անհանգստացած էր, որ այդ քննարկումները անցել են առանց իր հետ համաձայնեցման։ Ես լիովին համաձայն եմ վարչապետի հետ, որ [նախագահի ընտրություններում առաջադրվելիք] թեկնածությունը պետք է համաձայնեցվի [«Վրացական երազանք»] դաշինքի եւ դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ», - ասել է Ալասանիան` վստահեցնելով, որ «դա բացարձակապես առողջ երկխոսություն էր ղեկավարի եւ նրա թիմի անդամի միջեւ»։

Ավելի վաղ Իրակլի Ալասանիան չէր բացառել «Վրացական երազանք»-ի կողմից իր առաջադրումը Վրաստանում հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում։ Երեւանում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում, սակայն, Բիձինա Իվանիշվիլին այդ կապակցությամբ, մասնավորապես, ասել էր. - «Թե ինչքանո՞վ է Ալասանիան ցանկանում առաջադրվել՝ ճիշտն ասած, ես միայն տարբեր խոսակցություններից այդ մասին գիտեմ: Ինքն ինձ այդ մասին չի ասել, եւ կոալիցիան այդ հարցը չի քննարկել: Այդ մասին միայն խոսակցություններ են գնում: Իհարկե, նա իրավունք ունի առաջադրվել, եթե ցանկանա, բայց կոալիցիան այդ հարցը չի քննարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG