Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Տնտեսությունը կայուն է»


Ադրբեջանի ղեկավարը պատասխանել է CNN հեռուստակայանի լրագրողի հարցերին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցում է Դավոսում ամեն տարի անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այստեղ նա հարցազրույց է տվել CNN հեռուստակայանի լրագրող Ռիչարդ Քուեսթին։

Իլհամ Ալիեւի խոսքերով, իր երկիրը շատ արագ է զարգանում եւ ցանկանում է հնարավորինս ընդարձակել կապերը միջազգային գործարար համայնքի, հատկապես այն ընկերությունների հետ, որոնք դեռ կապեր չեն հաստատել Ադրբեջանի հետ։

Ալիեւը Քուեսթին ասել է, թե Ադրբեջանի դռները բաց են եւ իր երկիրը հրավիրում է բոլորին` աշխատելու եւ ներդրումներ անելու Ադրբեջանում։

Դավոսը, Ալիեւի փոխանցմամբ, այդ նպատակին հասնելու լավագույն միջոցն է, քանի որ այս հեղինակավոր միջազգային հավաքին ներկա է լինում աշխարհի քաղաքականության եւ բիզնեսի վերնախավը։

Անցյալ տարի «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը գնել է «ՏՆԿ-Բրիթիշ Փեթրոլեում» ընկերության արժեթղթերը, իսկ 50 տոկոսը, ապա ԱԱՌ կոնսորցիումից գնել է մնացած 50 տոկոսը։ BP-ն, իր հերթին, գնել է «Ռոսնեֆտի» արժեթղթերի մոտ 20 տոկոսը։ Դա 2012-ի խոշորագույն համաշխարհային գործարքներից էր։ Ըստ փորձագետների, այդպես էլ ավելի ամրապնդելով դիրքերը գազի ու նավթի արդյունահանման համաշխարհային շուկայում, Ռուսաստանը կսկսի ավելի ակտիվ եւ ագրեսիվ գործել հատկապես ետխորհրդային տարածքում։ Այս համատեքստում CNN-ի թղթակիցը հարցրել է, թե «Ռոսնեֆտի» եւ BP-ի այդչափ սերտ կապն արդյո՞ք չի օգտագործվի Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։

«Դա բնավ մտահոգության առիթ չէ, քանի որ «Բրիթիշ Փեթրոլեումը» Ադրբեջանի հետ է համագործակցում անկախության գրեթե առաջին ժամանակաշրջանից` 1994 թվականից։ Դա երկու տասնամյակ տեւող շատ բարեկամական, գործընկերային համագործակցություն է, որը կշարունակվի եւս առնվազն երկու տասնամյակ, եւ այլ ընկերությունների հետ BP-ի ծրագրերը չեն անհանգստացնում»,- ասել է Ալիեւը։

Լրագրողի հարցին, ո՞ր հարցն առանցքային կլինի Դավոսում` համաշխարհային տնտեսության դանդաղ զարգացո՞ւմը, Ալիեւը պատասխանել է․ - «Իրականում մեր տնտեսությունը շատ կայուն է, մենք կարողացանք աճ ապահովել նույնիսկ ճգնաժամի տարիներին, Ադրբեջանի տնտեսությունն աշխարհում ամենաբարձր աճ գրանցող տնտեսություններից է»։

Ալիեւը ավելացրել է, որ Ադրբեջանն անցած տասնամյակում եռապատկել է ՀՆԱ-ն, իսկ հիմա տնտեսությունն էլ ավելի դիվերսիֆիկացված է, եւ նավթն ու գազն այլեւս միակ հենքը չեն։

«Այժմ իմ հիմնական նպատակն է կայուն ներդրումներ ապահովել Ադրբեջանի տնտեսության ոչ էներգետիկ ոլորտի, մասնավորապես՝ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համար»,- ասել է Ալիեւը։

Գնահատելով համաշխարհային միտումները, Ադրբեջանի նախագահը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Եվրամիության համեմատությամբ տնտեսական առումով ավելի կայուն է, քանի որ եվրոպական երկրների միջեւ կան ակնհայտ տարաձայնություններ։

«ԱՄՆ-ը նաեւ քաղաքական տեսակետից է այսօր ավելի կայուն»,- ասել է Իլհամ Ալիեւը CNN-ի թղթակից Ռիչար Քուեսթին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG