Մատչելիության հղումներ

Վազգեն Խաչիկյանին ներկայացվող մեղադրանքը խստացվեց


Վազգեն Խաչիկյանը կարող է դատապարտվել մինչև 16 տարվա ազատազրկման
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Վազգեն Խաչիկյանը կարող է դատապարտվել մինչև 16 տարվա ազատազրկման

Դատախազն այսօր նոր մեղադրանքներ առաջադրեց Սոցիալական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ի ղեկավար կազմի նախկին անդամ Վազգեն Խաչիկյանին ու նրա 3 ենթականերին՝ պնդելով, թե նրանք ստեղծել ու ղեկավարել են կազմակերպված խումբ՝ բյուջեից շուրջ 300 միլիոն դրամ յուրացնելու համար։

Սրանով, ըստ էության, նախկին բարձրաստիճան պաշտոնյային ներկայացված մեղադրանքը խստացվեց, ու եթե այն հաստատվի, Խաչիկյանը կարող է դատապարտվել մինչև 16 տարվա ազատազրկման։

Մեղադրողը պարզաբանեց, թե 2 տարի շարունակվող դատաքննության ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել. - «Ղեկավարել է կազմակերպված խումբ, որպիսի պայմաններում իր անմիջական գիտությամբ և կարգադրությամբ ստորաբաժանումների աշխատակիցները, կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների, վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրություններ կեղծելու միջոցով յուրացնելու եղանակով հափշտակել են մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների` վճարումը կասեցված կենսաթոշակները»:

Կենսաթոշակների յուրացման գործով Խաչիկյանը կալանավորվել է 2 տարի առաջ, նրան առաջադրվել էր երեք հոդված՝ պաշտոնեական կեղծիք, խարդախություն ու յուրացում։

Վազգեն Խաչիկյանը դրանք չի ընդունում, և երկու տարվա դատաքննության ընթացքում ցուցմունք չի տվել։ Նրա պաշտպան Ժորա Վարոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ խստացնելով մեղադրանքը՝ դատախազը փորձում է տպավորություն ստեղծել, թե Խաչիկյանն իսկապես մեղավոր է՝ առանց ներկայացնելու հիմնավոր ապացույցներ:

«Այո, որոշ ստորաբաժանման պետեր իրենց ցուցմունքներում հայտնեցին, որ մեզանից ցուցակներ ուզեցին... Որոշ անձերի դերակատարումը այս հարցով պարզ դարձավ, բայց Խաչիկյանի դերակատարումը պարզ չդարձավ», - հավելեց Վարոսյանը։

Հարցին, թե ինչպես կարող է ծառայության ղեկավարը տեղյակ չլինել, թե ինչ է կատարվում իր ենթակայության ներքո, հատկապես, եթե հարցը վերաբերում է խոշոր գումարներին, Վարոսյանը դժվարացավ պատասխանել, բայց ասաց, որ վստահ է՝ դա ընդամենը անփութություն կարելի է համարել, բայց ո'չ յուրացում, և հավելեց. - «Ինքը նման խումբ չի կազմակերպել, ինչպես որ նշում են, ինքը այդ յուրացումներին տեղյակ չէ»։

Իրավապաշտպանները նկատում են, որ իշխող Հանրապետական կուսակցության նախկին ղեկավար անդամ Խաչիկյանի դեմ քրեական գործի հետևում բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ կան, որոնց անունները Խաչիկյանն առայժմ չի հրապարակում։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ քանի դեռ Խաչիկյանը չի ասել իր վերջին խոսքն ու անուններ չի հնչեցրել, կարելի է ընդամենը ենթադրել, որ այս գործը լրիվ չի բացահայտվել. - «Սա իմ ենթադրությունն է, որ ամենայն խորությամբ դա չի բացահայտվել: Եվ լրիվ խորությամբ չի բացահայտվել, որովհետև այդ քաղաքական կամքը չկա մեր մոտ, որ գնալ մինչև վերջ ու ցույց տալ այդ շղթան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG