Մատչելիության հղումներ

Նավալնու օգտին բողոքի ակցիա հրավիրող ֆեյսբուքյան էջը Ռուսաստանում արգելափակվել է


Ռուսաստանի իշխանություններն արգելափակել են Ֆեյսբուք սոցիալական կայքի այն էջը, որտեղ ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու օգտին բողոքի ակցիայի դուրս գալու կոչեր են հնչեցվել:

«Ռոսկոմնադզորի» խոսնակ Վադիմ Ամպելոնսկին ասել է, որ էջը Ռուսաստանի տարածքում արգելափակվել է Գլխավոր դատախազի խնդրանքով, քանի որ այն գովազդում է «չարտոնված հանրային միջոցառում»:

Այս պահի դրությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցի շուրջ 12 հազար օգտատեր պատրաստակամություն է հայտնել հունվարի 15-ին մասնակցել Մանեժնայա հրապարակում անցկացվելիք բողոքի ակցիային:

Նավալնին, ով նախ հռչակ ձեռք բերեց որպես հակակոռուպցիոն խնդիրներ լուսաբանող բլոգեր, 2011 թվականի դեկտեմբերից սկսված բողոքի ակցիաների ժամանակ դարձավ առավել ազդեցիկ ընդդիմադիր առաջնորդներից մեկը:

Այս տարվա փետրվարից Նավալնին, ով մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ, տնային կալանքի էր ենթարկվել, իսկ դեկտեմբերի 19-ին նրա տնային կալանքի ժամկետը երկարաձգվել էր մինչև 2015 թվականի փետրվարի 14-ը։

Վլադիմիր Պուտինի խիստ քննադատ Նավալնին, ում սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, կտրականապես հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Նա մեղադրվում է «Ив Роше Восток» և «Многопрофильная процессинговая компания» ընկերություններից մոտ 30 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG