Երկուշաբթի, նոյեմբերի 24, 2014 Ժամանակը Երեւանում 16:05

Հայերեն արխիվ

Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ` «այն աշխարհից»

Այս շաբաթասկզբին ամերիկացի Չեթ Ֆլիթչի 34 ազգականներ եւ ընկերներ նրանից ստացել են Սուրբ Ծննդյան շնորհավորական բացիկներ: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը նշում է, որ Օրեգոն նահանգի 88-ամյա բնակիչ Ֆլիթչը դեռ այս տարվա հոկտեմբերին է մահացել:

Կանխազգալով մոտալուտ մահը` Ֆլեթչը իր բարեկամուհիներից մեկին փոխանցել է բացիկների տրցակ եւ խնդրել, որ իր մահվանից հետո դրանք ուղարկվեն նշված հասցեներով ճիշտ Սուրբ Ծննդյան տոների նախօրեին: Ընդ որում, ծրարի վրա «ուղարկողի հասցեն» վանդակում նա գրել է` «Երկինք»:

«Ես հարցրել եմ բոլորիս Մեծ Ընկերոջը՝ կարո՞ղ եմ կարճ ժամանակով վերադառնալ Երկիր եւ մի քանի բացիկ ուղարկել: Սկզբում նա մերժեց, սակայն ես շատ համառեցի, եւ նա ասաց. - «Լավ, գնա, խնդիր չկա, միայն թե մի խանգարիր մեզ այստեղ», - գրել է Ֆլիթչը եւ շարունակել. - «Կուզենայի ձեզ պատմել, թե ինչպես է այստեղ, բայց խոսքեր չունեմ, Մեծ Ընկերն առանց այն էլ մեծ զիջում է արել` ինձ թույլատրելով գալ Երկիր, ավելի լավ է վերադառնամ, էլ բախտս չփորձեմ: Կարծում եմ, շուտով կհանդիպենք, ընդ որում` ոմանց հետ ավելի վաղ, քան ենթադրում եք: Շնորհավոր Սուրբ Ծնունդ»:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Չեթ Ֆլիթչն իր շրջապատում հայտնի էր որպես համակրելի, ծիծաղասեր թոշակառու եւ անակնկալ կատակների մեծ վարպետ:


Արմեն Քոլոյան, Պրահա