Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Գագիկ Ջհանգիրյանի դատավճիռը


Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի օրը անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Ջհանգիրյանի եւ նրա շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշումը հրապարակեց դատավոր Արշակ Խաչատրյանը:

Դատավճռի հրապարակմանը ներկա չէին ոչ Ջհանգիրյանը եւ ոչ էլ նրա պաշտպանները:

Գագիկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այլ ակնկալիք չեն էլ ունեցել:

«Մենք ուզում էինք իրենց էլ ցույց տալ, որ մենք իրենցից ակնկալիքներ չունենք, եւ մենք չենք պատրաստվում գնալ եւ կանգնել-լսել իրենց ապօրինի որոշումը, որը նրանք արդեն իսկ վաղուց կայացրած ունեին», - նշեց փաստաբանը:

Որոշումը հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում այն կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում:

Լուսինե Սահակյանը հայտնեց, որ բողոք ներկայացնելու են. - «Դիմելու ենք, իհարկե, Վճռաբեկ դատարան եւս` սակայն քաջ տեղյակ լինելով, որ Վճռաբեկ դատարանը եւս կայացնելու է ապօրինի որոշում եւ իր պարտականությունը` արդարադատություն իրականացնելու, իհարկե, չի իրականացնելու»:

Մարտի 23-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Գագիկ Ջհանգիրյանին, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազի նախկին տեղակալը 2008 թվականի փետրվարի 23-ին «իրեն բերման ենթարկելիս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ձեռքով հարվածել եւ ցավ է պատճառել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արման Հարությունյանին, պատռել է նույն վարչության աշխատակից Տիգրան Աղվանյանի բաճկոնի գրպանը»:

Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ ելույթ էր ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հանրահավաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG