Մատչելիության հղումներ

Հետընտրական Իրան. Հայաստանը շնորհավորում է Ահմադինեջադին


Հետընտրական Թեհրանը
Հետընտրական Թեհրանը

Իրանի ընդդիմության աջակիցները դուրս են եկել փողոցներ` վիճարկելով հունիսի 12-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Բողոքի գործողություններն ու ոստիկանության հետ բախումները Թեհրանում սկիզբ առան շաբաթ օրը կեսօրին եւ որոշ ընդհատումներով շարունակվում են:

Իրանում անցկացված նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` ստանալով քվեների 62.6 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը` նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, պաշտոնական տվյալներով, ստացել է ձայների 33.7 տոկոսը:

Մուսավին եւ իր կողմնակիցները պնդում են, որ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով:

Ընդդիմության երիտասարդ ակտիվիստներից մեկը` Մեհդի Արաբշահին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը ասել է. - «Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Ահմադինեջադը ստացել է 20 միլիոն քվե: Այն տեղեկությունները, սակայն, որ մենք էինք ստանում Թեհրանից, այլ քաղաքներից եւ նույնիսկ գյուղերից, հակառակն էին ապացուցում` որ կամ գործող նախագահի հակառակորդն է հաղթում առաջին փուլում, կամ էլ գոնե երկրորդ փուլ պետք է տեղի ունենա»:

Ըստ որոշ վերլուծաբանների` կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ Ահմադինեջադը հաղթել է այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպես, օրինակ, իր հակառակորդ Մուսավիի հայրենի Թավրիզը կամ ազատականների կենտրոն համարվող Թեհրանը:

Այս ամենը պարտված թեկնածուին ստիպեց հանդես գալ հատուկ հայտարարությամբ, որի տեքստը զետեղվել էր նրա պաշտոնական կայքէջում:

«Ես դիմել եմ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդին` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Դրա հետ մեկտեղ, ես կոչ եմ անում իրանցիներին` շարունակել բողոքի գործողությունները խաղաղ ու իրավական մեթոդներով», - հայտարարել է Մուսավին:

Կիրակի ամբողջ օրվա ընթացքում պարբերաբար տեղեկություններ էին ստացվում Միր-Հոսեյն Մուսավիի ձերբակալության, նրա` տնային կալանքի տակ գտնվելու մասին: Անկախ աղբյուրները այդ տեղեկությունները այդպես էլ չհաստատեցին, փոխարենը` պաշտոնապես հաստատվեց շաբաթօրյա բախումների ավելի քան 100 մասնակիցների ձերբակալության փաստը: Ձերբակալվածների մեջ են նաեւ Մուսավիի նախընտրական շտաբի մի շարք առանցքային դեմքեր:

«Կեսգիշերն անց էր, երբ լսեցինք դռան զանգը, ներս մտան անվտանգության ծառայության աշխատակիցները, ամուսնուս հրավիրեցին դուրս, նստեցրեցին մեքենան եւ տարան», - ասւմ է ձերբակալված ընդդիմադիրներից մեկի կինը` Փառնազ Մոհամադին:

Ահմադինեջադի կողմնակիցների հանրահավաքը Թեհրանում, 14 հունիսի, 2009
Կիրակի երեկոյան Թեհրանի կենտրոնում հավաքվեցին Ահմադինեջադի տասնյակ հազարավոր կողմնակիցներ: Այս հակադիր հանրահավաքը կազմակերպելով` գործող նախագահի կողմնակիցները ցանկանում էին հերքել այն պնդումները, թե իրանցիների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում, որ Ահմադինեջադը մնա նախագահի պաշտոնում:

Ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ահմադինեջադը, դիմելով արեւմտյան լրագրողներից մեկին, ասել էր. - «Դուք ինչպե՞ս իմացաք, որ ժողովուրդը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Երկրում, որտեղ ընտրություններին մասնակցության ցուցանիշը 85 տոկոս է կազմում, որտեղ հաղթող թեկնածուն ստանում է քվեների 62 տոկոսը, իշխանությունը ամբողջապես հիմնված է ժողովրդի քվեի վրա: Այնպես որ, խոսել լեգիտիմության բացակայության մասին` պարզապես անիմաստ է»:

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կարգադրել է ստուգել ընտրակեղծիքների մասին ընդդիմության ներկայացրած փաստերը: Այդ խնդիրը նա հանձնարարել է Պահապանների խորհրդին:

Հզոր լծակներ ունեցող այդ ատյանն ունի 12 անդամ՝ 6 մահմեդական իրավաբաններ, ովքեր մեկնաբանում են իսլամական օրենքները, եւ եւս 6 իրավաբաններ՝ իրավունքի տարբեր բնագավառների գծով մասնագետներ: Իրանի Պահապանների խորհուրդը տասնօրյա ժամկետում է հայտնելու իր վճիռը:

Երկրում մթնոլորտը լարված է մնում: Իրանի ներքին գործերի նախարարությունը, որին օրենքով վերապահված է ընտրությունների ընթացքը հսկելու եւ քվեները հաշվելու լիազորությունը, արգելել է ընտրությունների արդյունքը վիճարկող Մուսավիի աջակիցների հունիսի 15-ի ցույցը մայրաքաղաք Թեհրանում, սակայն, չնայած արգելքին, այն տեղի է ունեցել:

Թեհրանում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած հանրահավաքների եւ ընդհարումների հետեւանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալված են, կան վիրավորներ, հրկիզված են մեքենաներ, խանութներ եւ հիմնարկներ:

Արեւմտյան երկրներում Իրանի դեսպաններին հրավիրում են արտգործնախարարություններ՝ պարզաբանումներ տալու համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ կասկածի տակ են առել ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Մահմուդ Ահմադինեջադին վերնըտրվելու կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ նվաճումներ: Վստահ եմ, որ հետայսու եւս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ - իրանական հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը», - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որը տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG