Շաբաթ, Փետրվար 11, 2012 Ժամանակը Երեւանում 11:11

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատախազություն

x

Մուլտիմեդիա

Աուդիո
Տեքստի չափը - +
Չորեքշաբթի օրը դատախազություն ներկայացավ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Դատախազության շենքում Փաշինյանը կարճատեւ զրույց ունեցավ լրագրողների հետ:

«Միանշանակ վստահ եմ, որ իմ այս քայլը դրական է, եւ միանշանակ վստահ եմ, որ այն մեր պայքարին նոր շունչ է հաղորդելու», - ասաց Փաշինյանը: - «Կասկած չունեմ, որ մեր պայքարը հաղթանակով է ավարտվելու»:

Հարցին, թե ինչ է իրեն սպասվում, նա պատասխանեց. - «Հետո ինձ կձերբակալեն, հետո կալանքի սանկցիա կտան, հետո կդատապարտեն հնարավորինս երկար տարիների ազատազրկման... Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, եւ ինձ հետ որեւէ բան լինել չի կարող: Ես սրանում վստահ եմ»:

Փաշինյանը վստահեցրեց, որ իր պայքարը շարունակելու է բանտում՝ հիմնավորելով. - «Միքայել Հայրապետյանը հոդված էր հրապարակել, որտեղ ասում էր, որ ես ինչ-որ առումով դրոշ եմ, փարոս եմ, չի կարելի, որ ես բանտում հայտնվեմ: Իմ սիրելի եղբորը ուզում եմ ասել, որ ես ուզում եմ փարոս լինել բանտում, եւ քանի դեռ ես բանտում եմ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանում կա օրինականության, ազատության խնդիր, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի պետք է պայքարի հանուն այդ ազատության»:

Անդրադառնալով համաներմանը՝ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը ասաց. - «Ինձ համար կարեւորն այն է, որ իմ 20-ից ավելի քաղբանտարկյալ ընկերներ հայտնվել են ազատության մեջ: Ընդ որում՝ ինձ հնարավորություն են տվել, որ ես հայտնվեմ այստեղ: Ես ուզում եմ անկեղծ ասել. եթե իրենք մնային բանտերում, ես չէի կարող այս որոշումը կայացնել»:

Նա բացառեց, թե կարող է առաջիկայում զղջալ այսօր կատարած քայլի համար. - «Խնդրում եմ, ինձ այդքան անլուրջ մի վերաբերվեք: Այս ընթացքում իմ կայացրած ցանկացած որոշման մեջ համոզված եմ: Միակ ցավը այն է, որ մենք 10 զոհ ենք ունեցել; Ես այսօր գլխավոր դատախազության մուտքի մոտից կրկին ուզում եմ գլուխ խոնարհել մարտի 1-ի բոլոր 10 զոհերի հարազատների առջեւ: Ուզում եմ, որ նրանք իմանան՝ մարդասպաններին պատժելու գործը իմ անձնական գործն է, իմ կյանքի գործն է: Եվ ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որ բոլոր մարդասպանները կանգնեն դատարանի առաջ՝ առանց համաներման իրավունքի»:

Դատախազությունից Փաշինյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց Կենտրոնի ոստիկանություն: Այնտեղ մեկնեցին նաեւ նրա փաստաբանները՝ Արա Զաքարյանը, Տիգրան Աթանեսյանը եւ Արթուր Գրիգորյանը: Ավելի ուշ Փաշինյանին կալանավորեցին եւ ուղեկցեցին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Հունիսի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ընդհատակից դուրս գալու եւ իր պայքարը բանտում շարունակելու որոշման մասին: Իր տարածած հայտարարության մեջ Փաշինյանը գրել էր, որ ընդհատակից բանտ տեղափոխվելու իր որոշումը «արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված», եւ եկել է իր բնորոշմամբ` «քաղբանտարկյալ դառնալու» իր հերթը:

Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Նա մեղադրվում է «Զանգվածային անկարգությունների կազմակերպման», «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ:

Փաշինյանին առաջադրված մեղադրանքների համար Քրեական օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները:

Համաներումը չի կիրառվում մինչեւ Ազգային ժողովի որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ` «բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»:

Այլ հրապարակումներ

Աուդիո «Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Ղարաբաղյան հակամարտությունը քննարկման առարկա է դարձել Միավորված ազգերի կազմակերպությունում։ Հարավային Օսիայում իրավիճակը կրկին սրվել է. ուժային կառույցների ներկայացուցիչները երեկ հարձակվել են նախագահության ընդդիմադիր թեկնածու, կրթության նախկին նախարար Ալլա Ջիոեւայի շտաբի վրա։ Մինչ Ռուսաստանում նախագահական ընտրությունների քարոզարշավը թափ է հավաքում, արեւմտյան մամուլը փորձում է կանխատեսել՝ ինչ քաղաքականություն կորդեգրի Վլադիմիր Պուտինը իր հավանական հաղթանակից հետո։

Աուդիո Կիրակի օրը Շիրակի մարզում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Փետրվարի 12-ին Շիրակի մարզի 8 համայքներում կայանալիք համայնքապետերի ընտրություններում հատկապես թեժ պայքար է սպասվում Արթիկի տարածաշրջանի գյուղական համայնքներում:

Աուդիո Նախարարը պնդում է` 5 տարի հետո անմշակ հողեր չեն լինի

Սերգո Կարապետյանի համոզմամբ, կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում հինգ տարի հետո Հայաստանում այլեւս անմշակ հողեր չեն լինի: