Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 05:05

Միջազգային / Տարածաշրջան

Մոսկվա ժամանեց Միացյալ Նահանգների նախագահը

Առաջին անգամ իր պաշտոնավարման ընթացքում, երկուշաբթի օրը Մոսկվա ժամանեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Օբամաների ընտանիքը Մոսկվայի օդանավակայանում, 6 հունիսի, 2009
x
Օբամաների ընտանիքը Մոսկվայի օդանավակայանում, 6 հունիսի, 2009
Տեքստի չափը - +
Այցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ուղեկցում են տիկինը` Միշել Օբաման, եւ երկու դուստրերը, որոնց համար նախատեսված է հատուկ ծրագիր:

Ժամանումից քիչ անց Բարաք Օբաման հանդիպեց ռուսաստանցի գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ակնկալվում է, որ նախագահների հանդիպումը բավական երկար կտեւի, քանի որ ասուլիսը, նախնական տվյալներով, կսկսվի 4-5 ժամ անց միայն:

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահը նախ հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետեւ ելույթ է ունենալու Ռուսաստանի տնտեսական բարձրագույն դպրոցի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ հանդիպելու է Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ:

Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահը ընթրիք է կազմակերպելու ամերիկացի գործընկերոջ պատվին:

Ռուս - ամերիկյան բանակցությունների օրակարգում սպառազինությունների մասին նոր պայմանագրի հարցն է. նախատեսված է, որ կողմերը այն կկնքեն այս տարվա դեկտեմբերին, իսկ մինչ այդ Օբաման եւ Մեդվեդեւը պետք է համաձայնեցնեն պայմանագրի հիմնական կետերը:

Բացի այդ, քննարկվելու են միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ մի շարք միջազգային հրատապ խնդիրներ, մասնավորապես` Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ Աֆղանստանի հարցերը:

Չի բացառվում, որ Օբաման եւ Մեդվեդեւը անդրադառնան Հարավային Կովկասին, այդ թվում` Ղարաբաղի հարցին:

Այցի նախօրեին Բարաք Օբաման հարցազրույց է տվել ռուսաստանյան «Վեստի» հեռուստաընկերությանը եւ Կրեմլին չափավոր ընդդիմադիր «Նովայա գազետա» թերթին:

Ռուս - ամերիկյան հարաբերությունների առնչությամբ Օբաման ասել է, որ իր այցի նպատակն է սեղմել «reset» կոչված կոճակը եւ կարգավորել վերջին տարիներին պաշտոնական Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ վատացած հարաբերությունները:

Հարցազրույցում, որի տեքստը փոխանցել է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը, Օբաման ասել է, որ աջակցում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրապարակային հայտարարություններին, որ պետք է բարելավել օրենքի գերակայությունը, դատական համակարգը եւ կառուցել ազատ քաղաքացիական հասարակություն: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու հաշվին Միացյալ Նահանգները չի մեղմացնի մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությունը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, իր հերթին, իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով ռուս - ամերիկյան հարաբերություններին, ընդգծել է, որ իր կարծիքով` այդ հարաբերությունները սկսել են վերականգնվել:

«Այս պահին մենք բոլորս` եւ ամերիկյան կողմը նույնպես, չափավոր լավատես ենք մեր հարաբերությունները վերականգնելու հարցում: Եվ այդ իսկ պատճառով, մեծ հետաքրքրությամբ ենք սպասում Օբամայի այցին», - ասել է Մեդվեդեւը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Օբամայի այցից առաջ` կիրակի օրը տպագրված հարցազրույցում Ռուսաստանի նախագահը ասել է, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է երկկողմ համաձայնության հասնել միջուկային զենքի կրճատման համար, ապա պետք է փոխզիջումների գնա Եվրոպայում ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգ տեղադրելու ծրագրում:

Սենատոր Օբաման առաջին անգամ Ռուսաստանի մայրաքաղաքում պաշտոնական այցով եղել էր 2005 թվականին` նախկին վարչակազմի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի գլխավորած պատվիրակության կազմում:

Ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի մասնակցում նախագահի մոսկովյան այցին` արմունկի կոտրվածքի պատճառով:


Ազա Բաբայան, Մոսկվա, Կրեմլ

Այլ հրապարակումներ

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Աուդիո Փետրվարի 11-ի մամուլ

«Ժամանակ» օրաթերթը առատ ձյան դեմ պայքար մղելու իշխանությունների անկարողությունից քաղաքական հետեւություն է անում. - «Եթե Երեւանի փողոցներում ձյուն մաքրող կանայք ու տղամարդիկ ընդամենը չնչին գումարներ են ստանում, պատգամավորները, որոնք վայելում են կյանքը եւ ցինիկաբար իրենց մեծամասնական վայելքներն անում դահլիճում, ստանում են հարյուրավոր հազար դրամներ: Եվ ահա, որպեսզի այդ դրամները գոնե ինչ-որ չափով արդարացվեն եւ լինեն վաստակած, երեւի թե լավ կլիներ, որ նրանք պարզապես դուրս գային փողոց եւ լծվեին քաղաքը ձյունից մաքրելու աշխատանքին»: