Կիրակի, Փետրվար 12, 2012 Ժամանակը Երեւանում 03:23

Իրավունք

Լեւոն Բարսեղյան. «Քոչարյան Ռոբերտը գրել էր, թե՝ ֆինանսավորում չեք տալիս, մի տվեք»

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյան հինգշաբթի դատարանում պնդեց, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչին ուղղված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը չպետք է հանրությունից գաղտնի պահվի։

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Լեւոն Բարսեղյան. «Քոչարյան Ռոբերտը գրել էր, թե՝ ֆինանսավորում չեք տալիս, մի տվեք»

Տեքստի չափը - +
«Խայտառակ բան է. Դանիլովիչի նամակը հայտնի է հանրությանը։ Դրան ի պատասխան ուղարկված Քոչարյան Ռոբերտի նամակը հայտնի չէ հանրությանը։ Հազարամյակի մարտահրավեր ծրագրի Շահառուների խորհրդի 3 կազմերը, որոնցից առաջին երկուսում ես եղել եմ, տեղյակ չեն, թե ինչ է պատասխանել Քոչարյան Ռոբերտը այդ մարդուն՝ փող տվող դոնորին։ Ի՞նչ է պատասխանել նախազգուշական նամակին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր մեկնաբանեց Լեւոն Բարսեղյանը։

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Ջոն Դանիլովիչը նախազգուշական նամակ էր հղել այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ ասվում էր, որ եթե երկիրը նահանջ արձանագրի ժողովրդավարությունից, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ֆինանսավորմամբ իրականացվելիք 943 կիլոմետր գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիրը կարող է կասեցվել։

Լեւոն Բարսեղյանի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը գրավոր պատասխանել է Դանիլովիչին։

Այսօրվա նախնական դատական նիստին պատասխանող կողմը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, չէր եկել դատարան, փոխարենը գրավոր առարկություն էր ուղարկել դատարան, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Ընդունելով Հայաստանի Հանրապետության եւ «Հազարամյակի մարտահրավեր»-ի միջեւ հարաբերությունների պետական եւ հասարակական կարեւորությունն ու նշանակությունը, «տեղեկատվություն» կարող է հանդիսանալ ոչ թե այդ հարաբերությունների ձեւավորման ընթացքը, այլ՝ դրանց հետեւանքը։ Այսինքն, «օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձեւափոխված տվյալներ» են հանդիսանում ոչ թե գործընթացը (բանակցությունները՝ գրագրությունը, հավասարապես նաեւ բանավոր, հեռախոսային խոսակցությունները եւ այլն), այլ՝ դրանց արդյունքում ստացված եւ ձեւավորված արդյունքը»։

Ելնելով վերը նշվածից, Կարեն Կարապետյանը իր գրությամբ պնդել էր, որ պահանջվող գրությունը «չի հանդիսանում տեղեկատվություն», հետեւաբար այն ենթակա չէ տրամադրման։

Իրավաբան, անկախ փորձագետ Հրայր Թովմասյանը նշեց, թե հանրապետության նախագահի պաշտոնական գրությունների վրա «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կարող է չտարածվել` անգամ եթե դրանք հանրային նշանակություն ունեն։

«Հանրային ոլորտին վերաբերվելը դեռեւս բավարար չէ, որ այն ընկնի «Տեղեկատվության ազատության» համապատասխան սահմանումների մեջ», - ասաց Թովմասյանը։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը 2 տարի շարունակ ընտրվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի անդամ, համաձայն չէ։

«Այդ ի՞նչ մի երեւելի թուղթ է, դրա մեջ ի՞նչ կա... ես լսել եմ, որ դրա մեջ Քոչարյան Ռոբերտը գրել էր, թե՝ [ֆինանսավորում] չեք տալիս, մի տվեք»։ Հիմա ես ինչպե՞ս ստուգեմ։ Ասե՞լ է այդ մարդը նման բան, թե չի ասել», - ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի` հունիսի 10-ի նիստում որոշում է կայացվել դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը, որով գյուղական ճանապարհների վերանորոգման ենթածրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսում էր հատկացնել շուրջ 64 միլիոն դոլար։

Այլ հրապարակումներ

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը:

Աուդիո Վարչապետը Լոռիում քննարկել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Վանաձորում մոտ հարյուր հոգի համալրեցին իշխող Հանրապետական կուսակցության շարքերը:

Աուդիո Փետրվարի 11-ի մամուլ

«Ժամանակ» օրաթերթը առատ ձյան դեմ պայքար մղելու իշխանությունների անկարողությունից քաղաքական հետեւություն է անում. - «Եթե Երեւանի փողոցներում ձյուն մաքրող կանայք ու տղամարդիկ ընդամենը չնչին գումարներ են ստանում, պատգամավորները, որոնք վայելում են կյանքը եւ ցինիկաբար իրենց մեծամասնական վայելքներն անում դահլիճում, ստանում են հարյուրավոր հազար դրամներ: Եվ ահա, որպեսզի այդ դրամները գոնե ինչ-որ չափով արդարացվեն եւ լինեն վաստակած, երեւի թե լավ կլիներ, որ նրանք պարզապես դուրս գային փողոց եւ լծվեին քաղաքը ձյունից մաքրելու աշխատանքին»: