Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. «Գործընթացը թեւակոխել է չափազանց մտահոգիչ հանգրվան»


Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի վերջին` մոսկովյան հանդիպումը մի շարք տարրերով տարբերվում էր նախորդ համանման հանդիպումներից, ինչը վկայում է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի են ունեցել շատ լուրջ փոփոխություններ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Նրա գնահատմամբ` գործընթացը թեւակոխել է չափազանց մտահոգիչ հանգրվան, եւ Սարգսյան - Ալիեւ հանդիպումը հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում:

«Ակնհայտ է, չնայած այդ մասին կարծես թե չի խոսվում, որ եղել են լուրջ պայմանավորվածություններ, ես կարծում եմ` նոր որակ է ստացել գործընթացը, եւ տարրեր կան դեյտոնյան գործընթացի` նկատի ունեմ, երբ եռանախագահող երկրները, աշխարհի հզորագույն երկրները, կարծես թե, ընդհանուր շահեր ունեն եթե ոչ վերջնական կարգավորման գնալու, ապա, համենայն դեպս, էական շատ լուրջ փոփոխություններ մտցնելու հակամարտության ներկայիս ստատուս-քվո կոչվող վիճակում», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Այդ թվում, ըստ Դավիթ Շահնազարյանի` էապես փոխվում է շփման գիծը, խոսք է գնում միջազգային ներկայության մասին, եւ այս ֆոնի վրա` ոչ մի ակնարկ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին:

Շահնազարյանի գնահատմամբ` սրանք այն 6 բնութագրական տարրերից են, որոնք բացահայտվեցին համանախագահ երկրների ղեկավարների վերջին համատեղ հայտարարության մեջ, եւ որոնք էլ, ըստ էության, դարձան մոսկովյան բանակցությունների հիմնահողը:

«Ակնհայտ է, որ հայկական կողմը` Հայաստանի ներկայիս իշխանությունները, անընդհատ գնում է նորանոր զիջումների», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:

Հարկադրական զիջումների գլխավոր պատճառներից մեկը, Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Հայաստանի ներքաղաքական կյանքում տիրող վիճակն է. - «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում գնդակահարվեց ոչ միայն խաղաղ ցույցը` գնդակահարվեց միաժամանակ Ղարաբաղյան կարգավորման ընթացքում մնացած այն մի քանի հայանպաստ տարրերը, որոնք գոյություն են ունեցել»:

Այդուհանդերձ, նկարագրված աննպաստ վիճակը, անշուշտ, միայն մարտի 1-ով բացատրելը սխալ է, ընդգծեց ընդդիմադիր գործիչը: Գործընթացի ձեւախեղումը, ըստ նրա, սկսվել է դեռեւս 1998 թվականից, «երբ Ղարաբաղյան հակամարտության որակը, ամբողջ փիլիսոփայությունը, ամբողջ բովանդակությունը Ռոբերտ Քոչարյանը իր անձնական շահերից ելնելով փոխեց»:

Դավիթ Շահնազարյանը չի կարծում, թե մինչ առաջիկա հոկտեմբերը թայմաութ վերցնելու մասին մեկնաբանությունները ճիշտ են արտացոլում իրավիճակը: «Դա թայմաութ չէ», - ասաց նա` նկատելով, որ այստեղ շատ էական է Թուրքիայի գործոնը. - «Ակնհայտ է, առաջին` որ Թուրքիան որեւէ քայլ Հայաստանի հետ իր հարաբերությունում չի անելու, քանի դեռ Ղարաբաղյան հարցում էական առաջընթաց գոյություն չունի, եւ երկրորդ` Սերժ Սարգսյանը ինքը հայ - թուրքական հարաբերություններում նշանակել է deadline, այսպես ասած` ժամանակային սահմանափակում. դա հոկտեմբերն է: Այսինքն, այս հարցում նույնպես Սերժ Սարգսյանը իրեն դրել է շատ ծանր դրության մեջ, եւ նա արդեն ստիպված է լինելու ընդունել, որ իր այս ամբողջ քաղաքականությունը Թուրքիայի հետ կապված` գնալ աննախադեպ զիջումների, ես նկատի ունեմ հայ - թուրքական պատմաբանների հանձնաժողովը կառավարական մակարդակով, դա ավելի քան սխալ էր: Այսինքն, Թուրքիան ստացավ այն, ինչ պետք էր իրեն, եւ դրանից հետո առաջ քաշեց նորանոր պայմաններ»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպումից առաջ գործընթացի վերաբերյալ հայտարարությամբ իր մտահոգությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը, ինչը, ըստ Շահնազարյանի, բավարար չէ. - «Նման հայտարարությունները, որ Ղարաբաղը պետք է վերադառնա որպես բանակցային կողմ` դրանք արդեն ոչինչ չեն նշանակում: Շատ հստակ նրանք պետք է ասեն` որպես իրենց ներկայացուցիչ Սերժ Սարգսյանին վստահո՞ւմ են, թե՞ ոչ»:

«Ուրեմն, ո՞րն է ելքը, օբյեկտիվորեն` ի՞նչ կարող է անել հայկական կողմը այս իրավիճակում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան` Դավիթ Շահնազարյանը առանձնացրեց երկու հանգամանք. - «Առաջինը` Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ժողովուրդը պետք է հասկանան, որ իրենք, լռելյայն թե բացահայտ հանդուրժելով 11 տարվա Հայաստանի օկուպացիոն ռեժիմը, դա արել են իրենց ազատության, Ղարաբաղի ազատությունների, հեռանկարների, ինչու չէ` նաեւ անվտանգության հաշվին, եւ իսկապես սթափվեն: Եվ երկրորդ` իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք անելիք չունեն. Սերժ Սարգսյանը պետք է հասկանա` ելնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերից, Հայաստանի շահերից, պետական-ազգային շահերից, սուսուփուս հրաժարական տա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG