Բազում գյուղի հողատերերը մտահոգված են «անմշակ հողի» հարկով
Ազգային ժողովում շրջանառության մեջ է մտցվել «Հարկերի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որը, մասնավորապես, նոր հարկատեսակներ է սահմանում գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի համար։ Լոռու մարզի Բազում գյուղում շատերը չգիտեն նոր հարկատեսակների մասին, սակայն անվճարունակ գյուղացիները հարկային բեռը ծանրացնող օրինագիծը չեն ողջունում։
Լոռու մարզի Բազում գյուղըx
Լոռու մարզի Բազում գյուղը
Շուրջ 300 ծուխ ունի Բազում գյուղը: Ընտանիքների 20 տոկոսը հեռացել են գյուղից, իսկ մնացողները հողագործությամբ չեն գոյատեւում:
«Չեմ մշակում, որովհետեւ մեխանիզացիա չունենք, վարող չունենք», - պատմում է Վլադիսլավ Փլուզյանը։ Ընտանիքը բավարարվում է տնամերձի բերքով ու արտագնա աշխատանքի վաստակով։ Հողատարածքը չեն մշակում, որովհետեւ՝ «հողը իրեն չի արդարացնում»։
Գյուղի սեփականաշնորհված 70 հեկտար հողերի 10 տոկոսն է մշակվում: Գյուղապետ Սրբուհի Հարությունյանը ցույց է տալիս 73 անուն-ազգանվամբ հողատերերի ցուցակը՝ հրաժարվել են հողից: Գյուղապետը համոզված է, որ եթե նոր հարկատեսակների մասին օրինագիծն օրենքի ուժ ստանա, հողից հրաժարվողների թիվը գյուղում կավելանա:
«Մեր հողերը չորրորդ, հինգերորդ կարգի է մեծամասամբ։ Արդյունքը չեն տեսնում։ Բերրի հող չէ։ Պարարտանյութ, բուժանյութը թանկ է, հողաբաժինն էլ քիչ է՝ ամենաշատը ծխին 3 հազար մետր է հասել, իմաստ չունի ծախս անել։ Բնական խոտ է դուրս գալիս, դա էլ անասնակեր են անում, պրծնում», - պատմում է Հարությունյանը։
Լոռիում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են ավելի քան 192 հեկտար: Սեփականաշնորհված գյուղատնտեսական օգտագործելի հողատեսքերի 32 տոկոսը: Տարբեր պատճառներով տարեկան միջինը շրջանառության մեջ չի դրվում ավելի քան 8 հազար հեկտար հող: