Երկուշաբթի, Փետրվար 13, 2012 Ժամանակը Երեւանում 00:06

Միջազգային / Ղարաբաղյան խնդիր

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ղարաբաղյան կարգավորման մի քանի տարբերակ է քննարկում

Ադրբեջանի արտգործնախարարությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման մի քանի տարբերակ է քննարկում: Այդ մասին երկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Էլմար Մամեդյարով
x
Էլմար Մամեդյարով
Տեքստի չափը - +
«Պաշտոնական Բաքուն արդեն հայտարարել է, որ ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, այժմ հերթը Հայաստանինն է. երբ պաշտոնական Երեւանը նույնպես կհայտնի իր դիրքորոշումը, Բաքու կորոշի` որոնք են լինելու իր հետագա քայլերը», - «Նովոստի - Ազերբայջան» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Մամեդյարովը` ընդգծելով, որ ներկայումս Ադրբեջանի արտգործնախարարությունը կարգավորման մի քանի տարբերակի մասին է մտածում։

Խոսելով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին՝ Մամեդյարովը որոշ մանրամասներ է հրապարակել. նրա խոսքով, մասնավորապես, կարգավորման այդ ձեւաչափով նախատեսվում է առաջին փուլում դուրս բերել հայկական զորամիավորումները «գրավյալ» հինգ շրջաններից եւ Քելբաջարի շրջանի 13 գյուղերից։ «Զորամիավորումները դուրս բերելուց հետո հայկական կողմը պետք է վերականգնի հաղորդակցության բոլոր միջոցները», - ընդգծել է Մամեդյարովը։

Հաջորդ փուլում, նրա խոսքով, պետք է ազատագրվեն Լաչինն ու Քելբաջարը, եւ «միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի փախստականները վերադառնան Ղարաբաղ, կսկսվեն շրջանի կարգավիճակի շուրջ քննարկումները»։

«Դա ադրբեջանական հող է, եւ սխալ կլինի, եթե ինչ-որ ադրբեջանական տարածք դուրս գա մեր վարչական վերահսկողությունից։ Ամեն ինչ զարգանալու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` ընդգծել է Էլմար Մամեդյարովը։

«Բաքվի համոզմամբ, առկա հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը փուլայինն է, քանի որ մենք պետք է կարգավորենք Ադրբեջանի հողերը ազատագրելու, բռնի տեղահանվածներին վերադարձնելու եւ պատերազմի հետեւանքները վերացնելու հարցերը», - հայտարարել է Մամեդյարովը` եւս մեկ անգամ ընդգծելով. - «Եթե Հայաստանը դուրս բերի զորամիավորումները գրավյալ տարածքներից, դա մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում` թե' անվտանգության, թե' տնտեսական զարգացման, թե' շարքային քաղաքացիների բարեկեցության տեսանկյունից»։

«Որեւէ մեկը չի կարող առնել իր հողն ու մի կողմ փախչել, ուզենք թե չուզենք` մենք պետք է հարեւանների հետ ճիշտ հարաբերություններ հաստատենք», - ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Անդրադառնալով Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեւին` Մամեդյարովն ասել է. - «Բաքուն չի ընդունում այդ փաստաթուղթը, եւ եթե Կոնգրեսը հարյուրամյա վաղեմության իրադարձություններ է քննարկում, պետք է գնահատական տա նաեւ 20 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին»։

Այլ հրապարակումներ

9 մարզերում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին

Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 9 մարզերում։

Աուդիո Վիսոցկու մասին գեղարվեստական ֆիլմը Երեւանում է

Մահվանից շուրջ 32 տարի անց վերջապես մեծ էկրան է բարձրացել Վլադիմիր Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը: