Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Ռեջեփ Էրդողանի առաջարկը


Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու` վերջինիս առաջարկը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահի հետ հանդիպում էր հայցել իր հատուկ բանագնաց` Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջոցով, որին Սերժ Սարգսյանը ընդունել էր չորեքշաբթի օրը:

Հայաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում մասնակցելու են ապրիլի 12-13-ը կայանալիք միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

Սարգսյան - Էրդողան հանդիպման ստույգ օրը առայժմ հայտնի չէ:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, մեկօրյա այցով Փարիզում գտնվող Էրդողանը անդրադարձել է իր բանագնացի՝ Հայաստան կատարած այցին՝ նշելով, որ Թուրքիայի փոխարտգործնախարարի միջոցով նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին, որում ընդգծել է իր կառավարության հանձնառությունը՝ ավարտին հասցնելու սկսված գործընթացը:

«Մենք միշտ հավատարիմ ենք մնալու արձանագրությունների տակ դրված մեր ստորագրություններին: Բացառվում է, որ Թուրքիան ետքայլ անի՝ եթե, իհարկե, չլինի արտակարգ իրավիճակ: Ես հույս ունեմ, որ կարգավորման գործընթացը դրական ավարտ կունենա», - Փարիզում ասել է Թեջեփ Էրդողանը:

Թուրքական «Հյուրիեթ»-ի տեղեկացմամբ, այսօր հարցին անդրադարձել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ նշելով. - «Մենք պետք է միասին հաղթահարենք գոյություն ունեցող դժվարությունները»:

Հունաստանի փոխարտգործնախարի հետ համատեղ ասուլիսում Դավութօղլուն Սինիրլիօղլուի բանակցությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ «դրական ու կառուցողական» է որակել:

«Հավատում ենք, որ մեր հարաբերությունները Հայաստանի հետ կկարգավորվեն՝ համահունչ արձանագրությունների ոգուն եւ տառին», ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Իսկ թուրքական անանուն դիվանագիտական աղբյուրը «Հյուրիեթ»-ին ասել է. - «Հայաստանում կայացած բանակցությունների ընթացքում մենք հստակերոն հաստատել ենք մեր հավատարմություն [հարաբերությունների] կարգավորման գործընթացին: Այժմ պետք է մեր տպավորությունները պիտի փոխանցենք ադրբեջանական կողմին»:

Ֆերիդուն Սինիրլիօղլուն, թուրքական թերթի փոխանցմամբ, ուրբաթ օրը ժամանելու է Բաքու՝ նամակ հանձնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առաջիկա հանդիպման վերաբերյալ ասաց հետեւյալը. - «Այս հանդիպումը կարեւոր է հենց նրանով, որ փորձ է արվում, այնուամենայնիվ, չթողնել, որ փլվի այդ [հայ-թուրքական արձանագրությունների վավերացման] պրոցեսը: Այդ տեսակետից ես շատ բարձր եմ գնահատում այդ հանդիպման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը»:

Սա Սերժ Սարգսյանի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ առաջին հանդիպումն է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պաշտոնական մեկնարկից հետո, երբ անցած տարվա ապրիլի 22-ին երկու երկրների, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտգործնախարարությունները համապատասխան հայտարարություն ստորագրեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG