Մատչելիության հղումներ

Հունաստանի հայ համայնքը պատրաստվում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը


Հունաստանի հայ համայնքը Խորհրդային Միության փլուզումից հետո ավելացել է մոտ 7 անգամ`12-13 հազարից դառնալով 70-80 հազարանոց:

«Պատճառն արտագաղթն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Դավիթ Պետրոսյանը:

Չորեքշաբթի` Հայաստանի նախագահի Հունաստան այցելության երկրորդ օրը, Սերժ Սարգսյանի հետ կհանդիպեն հիմնականում Հունաստանում գործող հայկական կազմակերպությունների անդամները:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, Դավիթ Պետրոսյանի խոսքով, կմասնակցի նաեւ Հունաստանի նախագահը:

«Համայնքը, իհարկե, ունի խնդիրներ», - հավելեց Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը` առանձնացնելով դրանցից մի քանիսը: Նա ասաց, որ այդ հարցերը կքննարկեն Սերժ Սարգսյանի հետ:

Հունաստանում այսօր գոյություն ունի հայկական դպրոցների պահպանման խնդիր: «Դասագրքերի հարցը, կամ եթե հայ ուսուցիչների հարցով կարող են իրենք օգնել եւ ավելի հեշտ լինի այստեղ հայ ուսուցիչներ ուղարկելը, եւ զանազան ուրիշ հարցեր», - ասաց Դավիթ Պետրոսյանը:

«Ընդհանրապես, ֆինանսական է խնդիրը, որ ունի հունահայ գաղութը: Գիտենք, որ Հայաստանն ինքն էլ տնտեսական բարդ հարցեր ունի եւ խիստ հարցեր, որ չի կարողանում ինքն էլ լուծել: Բայց այս բոլոր հարցերը պետք է նայենք, թե որ ձեւով կարող են լուծվել», - փոխանցեց Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը պաշտոնական, նաեւ` համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից բացի, մի առանձին զրույց էլ Դաշնակցության կենտրոնական կոմիտեի հետ կանցկացնի: Այստեղ դաշնակցականները նախագահին պատրաստվում են հարցեր ուղղել հայ - թուրքական արձանագրությունների, դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ:

«Արտաքին ոլորտում կա մի հարց, որ մենք` իբրեւ Հայ հեղափոխական դաշնակցություն, հավանաբար պետք է տրվի այս հանդիպմանը, այն է, թե ցանկանում ենք այդ ստորագրությունը, որ դրված է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրում, ետ վերցվի հայկական կողմից: Այդ հարցը կա առկախ, եւ հավանաբար պետք է տրվի այս հանդիպման ընթացքում», - ասաց Դավիթ Պետրոսյանը:

Հայաստանի նախագահը երեքշաբթի օրը Հունաստան է մեկնելու Կիպրոսից: Պետական այցի շրջանակներում նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս երկրորդի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, վարչապետ Յորղոս Պապանդրեուի, հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG