Մատչելիության հղումներ

Հարկային եկամուտների աճի 2/3-ը ապահովել են երկու ընկերություն


«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը անդրադառնում է Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկին:

Ավագյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների պետբյուջե մուծած 23.3 միլիարդ դրամով ավելի հարկերի ու տուրքերի երկու երրորդը` 15.6 միլիարդ դրամը մուծել են երկու ընկերություն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «ՀայՌուսգազարդ»-ը: Ըստ Պետեկամուտների կոմիտեի, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները միասին վճարել են 232.5 միլիարդ դրամի հարկ ու տուրք:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերի ու տուրքերի ավելի քան եռակի աճը, նրա խոսքով, հարկ է պայմանավորել մոլիբդենի միջազգային գների աճով, իսկ «ՀայՌուսգազարդ»-ինը` անցած տարվա ապրիլին գազի սակագների բարձրացմամբ:

Ավագյանը հիշեցրեց, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների, այս հունիսին, նախորդ հունիսի համեմատ, երկրի տնտեսության ակտիվության աճը կազմել է 2.3 տոկոս, մինչդեռ նախորդ 6 ամիսների համեմատ 1000 խոշոր հարկատուները մոտ 11 տոկոսով ավելի հարկ ու տուրք են մուծել պետբյուջե:

«Հարկային եկամուտների վճարման աճը գերազանցում է տնտեսական աճը: Բայց այստեղից եզրակացություն անել, որ տնտեսական իրավիճակը էապես բարելավվել է, չի կարելի, որովհետեւ կա միջազգային շուկայում իրավիճակի բարելավում` հօգուտ Հայաստանի: Միջազգային շուկայում ըստ երեւույթին տեղի է ունեցել մոլիբդենի գների կտրուկ աճ, ինչը նպաստել է նրան, որ անցյալ տարվա համեմատ 3 անգամ այս կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել», - ասաց տնտեսագետը:

Ըստ Ավագյանի, պակաս ուշագրավ չէ այն, որ սննդամթերքի խոշոր ներմուծող «Ալեքս գրիգ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, այս տարվա առաջին վեց ամիսներին մոտ 400 միլիոն դրամի ավելի քիչ հարկ է մուծել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Այս առնչությամբ նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` այս տարվա առաջին յոթ ամիսներին, նախորդ տարվա առաջին յոթ ամսիների հետ համեմատած, սննդամթերքի գները Հայաստանում աճել են 15.4 տոկոսով:

Սամվել Ավագյանը կանգ առավ եւս մեկ հանգամանքի վրա: Ըստ նրա, Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետության ողջ հարկատուներից, այդ թվում` առաջին հազար խոշորներից, հավաքագրվել է մոտ 315 միլիարդ դրամի հարկ ու տուրք, ինչը 28.7 միլիարդ դրամով կամ 10 տոկոսով ավելի է 2010 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրվածից:

Ավագյանի խոսքով, եթե մի պահ հաշվի չառնենք Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի եւ «ՀայՌուսգազարդ»-ի ցուցանիշները, ապա կստացվի, որ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած, Հայաստանի 998 խոշոր հարկատուների մուծած հարկերն ու տուրքերը ավելացել են ընդամենը 3.6 տոկոսով, մինչդեռ ինչպես ասացինք` ողջ հարկային մուտքերը ավելացել են 10 տոկոսով: Այս պարագայում ստացվում է, որ նշված 998 խոշոր հարկատուների մուծած հարկերը մոտ երկու անգամ քիչ են աճել, քան Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում չընդգրկված փոքր ու միջին ձեռնարկությունների մուծած հարկերը, որոնք կազմում են Հայաստանում հավաքվող հարկերի ու տուրքերի մոտ մեկ քառորդը:
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG