Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում համաներում է հայտարարվել


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը երեքշաբթի օրը նախագահ Բակո Սահակյանի առաջարկությամբ համաներման մասին որոշում է ընդունել անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Անկախության հռչակման օրվանից մինչ այսօր այս համաներումը ԼՂ-ում թվով վեցերորդն է:

Ինչպես այսօր նշեց ԼՂ-ի նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը, այս համաներմամբ ազատ են արձակվելու ազատազրկման մեջ գտնվող անձանց մոտ 20 տոկոսը եւ բոլոր այն անձինք, ովքեր ազատազրկման հետ չկապված պատիժների են դատապարտվել: Սակայն պաշտոնական Ստեփանակերտը հրաժարվում է բացահայտել, թե ընդհանուր առմամբ այս պահին քանի կալանավոր կա ԼՂ-ում` պատճառաբանելով, թե այդ թիվը երբեք չի հրապարակվել:

«Կարճվելու են նաեւ որոշակի քրեական կամ դատական գործեր, դրանք հիմնականում կազմում են առկա քրեական կամ դատական գործերի 60-80 տոկոսը», - հայտարարեց Լազարյանը:

Ըստ որոշման` համաներումը կտարածվի մինչեւ 3 տարի ազատազրկման դատապարտված անձանց վրա, մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամների, մինչեւ 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձանց, 60 տարին լրացած անձանց, ղարաբաղյան պատերազմի մասնակիցների եւ պատերազմական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատների եւ այն անձանց վրա, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Լազարյանը ներկայացրեց այն հանգամանքները, որոնց առկայության պարագայում չի կարող համաներում կիրառվել:

«Ռեժիմի չարամիտ խախտումներ, նախկինում համաներում ստացած անձինք, հետախուզման մեջ գտնվող անձինք (չնայած այս կատեգորիայի անձանց համար սահմանված է որոշակի վերապահում` ներկայանալու ժամկետ է սահմանված մինչեւ սույն թվականի նոյեմբերի 1-ը), հանցագործության պատճառած վնասը չհատուցած անձինք, ինչպես նաեւ մի շարք առանձնապես ծանր կամ ծանր կամ պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձինք: Դրանք են սպանության, ավազակության, բռնաբարության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտվածները», - ասաց Լազարյանը:

Համաներման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է:
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG